կարևոր
1033 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-18 11:39

Մենենդեսը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը

Մենենդեսը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը տագնապալի է անվանել նոյեմբերի 16-ին Հայաստանի արեւելյան սահմանի դեմ Ադրբեջանի հարձակման հետեւանքով հայ զինծառայողների գերեվարման եւ մահվան մասին հաղորդագրությունները։

Մենենդեսի հայտարարությունը տարածվել է հանձնաժողովի Twitter-յան էջում։

«Խորը մտահոգություն են առաջացնում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարման եւ հայերի մահվան մասին հաղորդագրությունները։ Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունն oգնում է իրականացնել էթնիկ հայերի դեմ այդ ստոր գործողությունները։ Ժամանակն է փոփոխություն կատարել «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտում»՝ կրճատելու այդ օգնությունը»,-հայտարարել է Մենենդեսը։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատն այսօր սկսում է «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումները։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով սույն ակտին առնչվող հետևյալ օրենսդրական փոփոխություններն են քննարկվելու․

1) «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հովածի կիրառություն, որով Ադրբեջանը զրկվում է ամերիկյան ռազմական օգնության բոլոր տեսակներից։

2) «Բայրակթար» անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրում՝ այն համատեքստում, որ այդ տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից արդյոք ամերիկյան օրենսդրության խախտում չէ՞։

3) Պետդեպարտամենտից և Պաշտպանության դեպարտամենտից համատեղ զեկույցի պահանջ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավումը։