Նիկոլ Փաշինյանը, լինելով ՀՀ ներկայացուցիչ, այսօր հերթական անգամ խոսեց էյվազլիներով և այլ ձևակերպումներով։ Ո՞նց կարող է ՀՀ շահը պաշտպանողը նման բառեր օգտագործի։ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Միջազգային հանրությունը ևս չի ընկալում դա։ Վստահեցնում եմ՝ սա դիսոնանսի ամենաբարձր աստիճանն է։ Ո՞նց կարող է ՀՀ-ն նման բառերով խոսա, որ հետո էլ Ադրբեջանը հղում տա ՀՀ-ին»,-ասաց պատգամավորը։ Նրա խոսքով իշխանությունները նախապատվությունը տալիս են ամեն գնով իշխանություն պահելուն, իսկ թե ինչ կլինի ՀՀ շահի հետ, Արամ Վարդևանյանի խոսքով հայտարարությունների տեսքով տեսնում ենք այդ ամենը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ, անդրադառնալով գերիների թեմային, նշեց, որ ամիսներ շարունակ քննարկել են, թե ինչպես պետք է հասարակությունը վերաբերվի գերիներին։
«Այսօր ԱԺ ամբիոնից Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում տվեց, սեփական հանցագործության։ Նա ասաց, որ անցնող ամիսներին բոլոր գերի ընկածները, որոնք բարեբախտաբար վերադարձել են Հայաստան, որևէ մեկի նկատմամբ իրավական քննություն չի ծավալվել՝ սեփական PR-ից ելնելով։ Նրանք հանցագործություն գործեցին գերիների հարցով այն ժամանակ, երբ վերադարձած երիտասարդ զինվորների մի խումբ ոչ թե ԱԱԾ-ի վերահսկողության տակ էր, այլ, Փաշինյանի PR-ի համար, տվեցին լրատվամիջոցների գիրկը։ Հիմա Փաշինյանը, երբ արդեն հասկանում է, որ նոր գերի ընկածները դառնալու են էլի գլխացավ այս իշխանությունների համար, փորձում է նրանց մեղադրել գերի ընկնելու մեջ»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել է.
«Գերիների մասով ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև, կներեք, ՀՀ ԶՈւ ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի, քանի որ գուցե մենք սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա. ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում: Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, և յուրաքանչյուր դեպքի հետ պետք է քննենք, թե այդ դեպքի հետ գործ ունենք, թե՝ ոչ: Օրինակ հստակ ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր և անգիտակից վիճակում է և գերեվարվում է, իհարկե, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել: Ի՞նչ է նշանակում հրաման է եղել չկրակելու, ի՞նչ է նշանակում չկրակել: Չկրակելու գրավոր կամ բանավոր հրաման տվողը գործում է պետական դավաճանություն՝ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու գործում»: