Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Եվրապատգամավորները հետևյալ շեշտադրումներն են անում.
1. ուղիղ խոսվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։
2. Հիշեցվում է, որ ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի սահմանները դեռևս մայիսի 12-ին։
3. Շեշտվում է Արցախի Հանրապետության կարգավիճակի կարևորությունը։
4. Խոսվում է Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից ստեղծված խոչընդոտների անթույլատրելիության մասին։
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները նախորդ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից ի վեր վատագույն խախտումն են, որի հետևանքով կան սպանված, վիրավոր ու գերեվարված զինծառայողներ, որոնց թիվն այս պահին հստակ չէ։
«Կոչ ենք անում իրավիճակի անհապաղ ապասրացում, ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունն ու Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարի մասին տեղեկությունները։ Կրկնում ենք, որ սահմանի հետ կապված հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացում, ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով։ Մենք դատապարտում ենք «սահմանագծման» ցանկացած փորձ, ինչպես նկատվել է ադրբեջանական զորքերի՝ մայիսի 12-ին Հայաստան ներխուժումից հետո։
Մեզ անհանգստացնում են հայկական քաղաքներն ու գյուղերը Ադրբեջանի տարածքով կապող ճանապարհների խափանված երթևեկության մասին հաղորդումները, նման վարքագիծը հակասում է այս համաձայնագրի ոգուն և անտեղի բարդացնում է տեղի բնակիչների կյանքը։
Միաժամանակ ցավ ենք հայտնում, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, այդ թվում նաև Եվրախորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևի, հակամարտության հետ կապված բազմաթիվ հայ կալանավորներ են պահվում, որոնք պետք է ազատված լինեին։ Մենք կրկնում ենք մեր դիմումն այս հարցով՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին»,-ասված է հայտարարության մեջ։
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակությունն իր աջակցություն է հայտնում Մինսկի խմբի համանախագահներին՝ նշելով, որ հակամարտության տևական կարգավորման հասնելը ու Արցախի հետագա կարգավիճակը որոշելը պետք է լինի բանակցությունների արդյունքում։
Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդի հրավիրած նիստում Փաշինյանը հայտարարեց, որ ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: