կարևոր
397 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-17 15:41

Վարչախմբի անմիջական պատասխանատվությունն է, որ դիրքում կանգնած զինվորը գերի է ընկնում. Գեղամ Նազարյան

Վարչախմբի անմիջական պատասխանատվությունն է, որ դիրքում կանգնած զինվորը գերի է ընկնում.  Գեղամ Նազարյան

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը չի ավարտվել: Ադրբեջանը և Թուրքիան իրենց խնդիրները դեռ չեն ավարտել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Ըստ նրա, Թուրքիան և Ադրբեջանն, անդադար, թե՛  ռազմական սադրանքների, թե՛ տեղային մարտերի, թե՛ դիվանագիտական ու  հոգեբանական ճնշումների միջոցով շարունակելու են ճնշում գործադրել Հայաստանի թույլ իշխանությունների վրա՝ փորձելով համաձայնագրով հասնել նրան, ինչ ուզում են: Իսկ նրանք, Գ. Նազարյանի խոսքով, ոչ թե ճանապարհ են ուզում, այլ տարածք են ուզում, որը կանցնի իրենց ամբողջական վերահսկողության ներքո, որից հետո Սյունիքն ամբողջովին կկտրվի ՀՀ մյուս հատվածներից:

«Նրանք գտել են թույլ տեղը, այն մարմինը, որին պետք է ճնշել, այսինքն Հայաստանի գործող ղեկավարներին, որովհետև հաճախ եմ ասել, երբ որ գործ ունենք պարտության դեմքի հետ, այդ ճնշումները, պարտությունը շարունակական է լինելու»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Գ. Նազարյանի, այսօր շատ երկրների ձեռնտու չէ, որ Սյունիքը հայտնվի  թուրք-ադրբեջանական օկուպացիայի ներքո, բայց պետք է հաշվի առնել, որ գործ ունենք երկու նենգ, ցինիկ թշնամիների հետ, գործ ունենք Հայաստանում մի իշխանության հետ,  որը վախկոտ է:

«Մեր խմբակցությունը երեկվանից անդադար աշխատանքների մեջ է, հանդիպումներ է ունենում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ղեկավարության հետ, տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ է անցկացնում՝ հասկանալու, թե ինչ կարելի է անել, խմբակցության անդամներից ոմանք գտնվում են նաև Սյունիքում»,- ասել է Նազարյանը:

Ըստ նրա, վարչախմբի անմիջական պատասխանատվությունն է, որ դիրքում կանգնած զինվորը գերի է ընկնում. «Ես այդ տղաներին չեմ մեղադրում, քանի որ տեղյակ չենք, թե ինչ հրամաններ են տալիս»:

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Հայաստանը դեռ պատերազմի ու պարտության մեջ է և դրա թիվ մեկ  պատասխանատուն իշխանությունն է, որը նոյեմբերի 9-ից հետո հրաժարական տալու համարձակություն չունեցավ, այսօր էլ չունի այդ համարձակությունը, որովհետև առաջնորդվում է  ոչ թե պետության, ազգի, ժողովրդի շահով, այլ միայն իր անձնական անվտանգությունից ելնելով որոշումներ է կայացնում, այսինքն՝ մտածում է, որ եթե հրաժարական տա, բա ինչ է լինելու իր հետ: