կարևոր
253 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-17 14:43

ԱԳՆ-ում հրատապ հանդիպում է դեսպանների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում իր ելույթում Արարատ Միրզոյանը նշել է, որ հանդիպման նպատակը Հայաստանի սահմանին երեկ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների մանրամասները ներկայացնելն է:

«Տեղյակ եք, որ երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցում: Դրան նախորդել էր երկու օր առաջ` նոյեմբերի 14-ին, հերթական ներթափանցման փորձ: Կեսօրին, ավելի ճշգրիտ՝ նոյեմբերի 14-ին, 13:00-ին, թշնամին ներխուժել էր Հայաստանի Հանրապետության տարածք, որի հետևանքով չորս հայկական հենակետ հայտնվել էին շրջափակման մեջ: Բանակցությունների արդյունքում ադրբեջանական այդ զինվորականները և տեխնիկան դուրս էին բերվել ՀՀ տարածքից: Բայց լարվածությունը դրանով չէր թուլացել, և երեկ` կրկին նույն ժամին, մոտավորապես նույն հատվածում տեղի է ունեցել հերթական նոր ներթափանցում, որն ուղեկցվել է նաև զրահատեխնիկայի, հրետանու, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, և, ըստ էության, կարող եմ ասել` թշնամին կիրառել է հավանաբար ամեն ինչ` բացի օդուժից:

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Եվ պետք է նկատենք, որ մենք չենք կարող սա անվանել այլ կերպ, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Երեկ երեկոյան ժամը 18:30-ի դրությամբ ռուսական կողմի միջնորդությամբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն այդ հատվածում ներթափանցման արդյունքում ադրբեջանական զինուժի ներկայությունը ՀՀ-ում շարունակում է մնալ:

Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին հայկական կողմն ունի հաստատված 1 զոհ, 12 գերեվարված հայ զինծառայող, և ևս 24 հայ զինծառայողի ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են որոնողական աշխատանքներ։

Ակնհայտ է, որ այս գործողություններին նախորդել են ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից շատ հստակ հայատյաց, քսենոֆոբիկ, ագրեսիվ հայտարարությունները, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները, նկրտումները, հավակնությունները, ինչպես նաև, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությունը»․ միջանցք ունենալու հայտարարությունները, այդ թվում՝ ուժի կիրառմամբ միջանցք վերցնելու վերաբերյալ ուղղակի հայտարարությունները։

Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունն Ադրբեջանի վրա՝ հորդորելու դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության և բոլոր երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի վրա:

Միրզոյանը խոսել է նաև մեկ այլ քաղաքական նրբերանգի մասին: «Մեր համոզմամբ՝ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստանի Հանրապետության տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Արցախի Հանրապետության հիմնախնդրից: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության հայերի ինքնորոշման իրավունքը»:

Հիշեցնենք, որ Արտաքին գործերի նախարարությունում անցկացվել էր Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հետ հանդիպում: Դեսպանները հանդիպել էին նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: