կարևոր
448 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-17 10:14

ԱԺ-ն շարունակում է աշխատանքն առանց ընդդիմադիր խմբակցությունների

ԱԺ-ն շարունակում է աշխատանքն առանց ընդդիմադիր խմբակցությունների

ՀՀ ԱԺ շարունակում է իր աշխատանքը՝ այսօր ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստն է:

Հիշեցնենք, որ երեկ ընդդիմությունը բոյկոտել էր ԱԺ նիստերը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու նիստի աշխատանքներին նշված օրակարգով, քանի որ Հայաստանի առաջ ծառացած օրհասական հարցերից զատ քննարկման այլ հարցերն անիմաստ են:

«Շարունակաբար և հատկապես վերջին օրերի սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, ԱԺ օրակարգ բերել  և արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը»,-ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նա հայտնեց, որ ընդդիմությունը կառավարությունից պահանջում էր բացատրություններ և հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, քանի որ այս ամենը Կառավարության բացթողումների և օրենսդիրի պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով է, սակայն քաղաքական մեծամասնությունը, չարաշահելով իր լիազորություններն, ապօրինաբար խոչընդոտել է այդ նախաձեռնությանը: Ի նշան բողոքի՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին»,-հայտարարեց Օհանյանը

«Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմությունը պահանջել էր արտահերթ նիստ, որպեսզի ստանան սահմանին կատարվողի բացատրությունները: ««Պատիվ ունեմ» խմբակցությունը կվերադառնա ԱԺ դահլիճ, եթե մեր երկրի առաջ ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ-փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»:

Նոյեմբերի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 33 հարց:

Այս քառօրյայի ընթացքում ընդդիմության նախաձեռնությամբ պետք է քննարկվի նաեւ գերիների, պատանդների, պահվող այլ անձանց, անհետ կորածների ճակատագրի հարցը: Իշխող ուժն ընդիմմության բացակայությամբ որոշեց քննարկումը դռնփակ անցկացնել: Ընդդիմադիրները դեմ են փակ ռեժիմին: