կարևոր
1186 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-16 23:35

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ հակամարտության սրումից

Իրանի ԱԳՆ-ն  կոչ է արել զերծ մնալ հակամարտության սրումից

Իրանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Երևանին ու Բաքվին հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով:

«Սաիդ Խաթիբզադեն, մտահոգություն հայտնելով նոր ռազմական բախումների կապակցությամբ, կոչ է արել երկրներին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ հակամարտության սրումից»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան էջում:

ԱԳՆ ներկայացուցիչը, նշելով 2 երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, կողմերին կոչ է արել իրավիճակը կարգավորել երկխոսության և խաղաղ ճանապարհով։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Թշնամին կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին, հայկական կողմն ունի 4 վիրավորի եւ 12 գերեվարված ՀՀ զինվոր, ինչպես նաև 2 մարտական հայկական դիրքի կորուստ։