կարևոր
1210 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-16 23:39

Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը

Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը

Փարիզը մտահոգված է Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին այսօր կեսօրից սկսված ռազմական լարված իրադրությամբ։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։

«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի վատթարացմամբ և ծանր սպառազինության ենթադրյալ կիրառմամբ, որը բազմաթիվ զոհերի է հանգեցրել, հատկապես հայկական կողմից:

Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով»– ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Թշնամին կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է: Պաշտոնական տվյալների համաձայն ՝ հայկական կողմն ունի մեկ զոհի մասին ճշտված տվյալ, ևս 12 զինծառայող գերեվարվել է։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել է հայտնել է 4 վիրավորի եւ 12 գերեվարված ՀՀ զինվորի, ինչպես նաև 2 մարտական հայկական դիրքի կորստի մասին։