Այս պահին ընթանում է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի բացմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր ժամը 13-ի սահմանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արեւելյան սահմանի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել:
Փաշինյանը հավել է, որ թշնամու կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ:
«Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական, սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կմ ինքնիշխան տարածք: Միջազգային մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբերջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է, Ադրբեջանը եւ նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, անկախությունը:
Այո, մենք այսօր ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաեւ ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, կանք, պետություն ենք, մենք պետական ազգ ենք եւ պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք բանակցել, կարող ենք փնտրել եւ գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել անբարտավանության լեզվով:
Մենք կրկնում ենք՝ սահմանապահ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը: Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը ագրեսոր պետություն է եւ պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են»,- հայտարարել է Փաշինյանը:
Հատկանշական է, որ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Մյուս երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները նիստին մասնակցելու հրավեր չեն ստացել: