կարևոր
655 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-16 19:32

Պաշտպանության նախարարը զրուցել է ռուս գործընկերոջ հետ. Ռուսաստանին օգնության կոչով դիմելու՝ ԱԽ հայտարարության մասին չի նշվում

Պաշտպանության նախարարը զրուցել է ռուս գործընկերոջ հետ. Ռուսաստանին օգնության կոչով դիմելու՝ ԱԽ հայտարարության մասին չի նշվում

Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է և վտանգի տակ է դնում ողջ բանակցային գործընթացը:

ՌԴ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում: Ասված է հաղորդագրության մեջ:

Հատկանշական է, որ պաշտպանական գերատեսչությունը չի հայտնում ՌԴ-ին օգնության համար դիմելու մասին: Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, թե բանավոր կոչով ՀՀ-ն դիմում է Ռուսաստանի Դաշնությանը «ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում» և հավելել, որ սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու: