կարևոր
139 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-16 18:50

ԱԽ քարտուղարը հանդիպում է դեսպանների հետ

ԱԽ քարտուղարը հանդիպում է դեսպանների հետ

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում մի շարք հավատարմագրված դեսպանների հետ: Հանդիպումների առանցքային թեման ՀՀ սահմանային  իրադրությունն է:

 Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը կողմերը շեշտել են սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին: Հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից: 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնի հետ հանդիպմանը զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին: Նշվել է, որ արցախյան հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ: Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը արցախյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:

ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակը: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները հարված են ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը: Ա. Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը: ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը, սակայն, արցախյան հիմնահարցի հետ առնչություն չունի:

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանը ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության, ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը: Երկուստեք համոզվածություն են հայտնել, որ հնարավորինս շուտ կարելի է նվազեցնել սահմանային լարվածությունը և սկսել խաղաղ կարգավորման գործընթացը: