կարևոր
451 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-16 17:09

Հայաստանում չկա իշխանություն, որը կկարողանա արձագանքել այս ամենին. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թշնամու այն գործողությունները, որ արդեն ամիսներ շարունակ տեղի են ունենում Հայաստանի սահմաններին, և այդ գործողությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների կրավորական դիրքորոշումները, ունեին տրամաբանական հակահայկական մի ամբողջ շարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Երբ որ մայիսի 12-ին առաջին գործողությունները եղան Սև լճի տարածքում տևական ժամանակ իշխանությունները փորձում էին հասարակությանը մոլորեցնել: Այդ ժամանակ էլ շատ հստակ էր. թշնամին ընտրել էր մի հատված, որով հնարավոր էր նաև կտրել ամբողջ Սյունիքի հատվածը: Եվ ամսի 14-ի գործողությունները, և արդեն այսօր շարունակվող շատ ավելի լայնածավալ գործողություններ ունեն հստակ ռազմավարական նպատակ: Եվ այս ամենում իշխանությունների կրավորական պահվածքը՝ բազմաթիվ անգամ մեր բարձրաձայնած հարցերի դեպքում որևէ գործողություն չիրականացնելու, ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու, ինժեներական, կահավորման աշխատանքները թերի կատարելու արդյունքը լինում է թշնամու շատ ավելի ամբարտավան պահվածքը:

Եվս մեկ հանգամանք. երեկ, շատ արագ, առանց որևէ հիմնավորման փոխվեց նաև պաշտպանության նախարարը»,-ասաց Մանուկյանը, և հավելեց, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարը բացակայում էր Հայաստանի Հանրապետությունից:

«Պետք է մի բան արձանագրել. այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն, որը կկարողանա կենտրոնաձիգ ձևով արձագանքել այս ամենին: Տեղեկատվական դաշտում անգամ այս իշխանությունը տևական ժամանակ փլուզել է ամբողջ պետական համակարգը: Այն, որ ՊՆ-ը չունի մամուլի քարտուղար արդեն մեկ տարուց ավել, դա արդեն խոսուն փաստ է, թե ինչպես է այս իշխանությունը պատրաստվում նման արտակարգ իրավիճակներին արձագանքել»,-ընդգծեց Գեղամ Մանուկյանը, և հավելեց, որ Փաշինյանի ընտանեկան թերթը դարձել է թիվ մեկ լրատվական աղբյուրը, որին նույնիսկ հղում է տալիս Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Մանուկյանը հիշեցրեց, որ երեկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես էին եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում էին քննարկել ստեղծված իրավիճակը։

«Այս իշխանության համար դրանք էական հարցեր չէին, կարևորը սնդիկի մասին օրենքում ինչ-որ հիմար փոփոխություններ էին»,-ընդգծեց Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։