6955 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-16 14:56

Հայ 6 զինծառայող է գերեվարվել. Ծիծեռնաքարում այս պահին մարտեր են. Հրապարակ

Հայ 6 զինծառայող է գերեվարվել. Ծիծեռնաքարում այս պահին մարտեր են. Հրապարակ

Այս պահին Սյունիքում լարված իրավիճակ է, ադրբեջանցիները 6 հայ զինվորական է գերեվարել։ Հայտնում է hraparak.am-ը և նշում, որ տեղեկությունը, ՊՆ-ի աղբյուրները հաստատել են, սակայն պաշտոնական հաստատում ստանալ չի հաջողվել: 

6 զինծառայողի գերեվարման մասին են հայտնում նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները, Սյունիքից հաղորդում են, որ իրավիճակը շարունակում է թեժ մնալ։

Նշենք, որ Ծիծեռնաքարում այս պահին մարտեր են ընթանում։ Քիչ առաջ նաև տեղեկացանք, որ լարված իրավիճակ է Սոթքի ուղղությամբ, հայկական զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության առաջին համարի։ Հայտնում է hraparak.am-ը:

Ինչպես արդեն հաղորդել ենք, ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։

Թշնամին կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։ Նշվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծել են հայկական դիրքերը: 

Թշնամին, իր հերթին, հայտնում է, որ ունի 2 վիրավոր: Նաև նշում է, թե գերի են վերցրել հայ զինծառայողների, ինչպես նաև՝ ռազմամթերք բռնազավթել:

Հայկական կողմը հայ գերիների վերաբերյալ դեռևս հերքող կամ հաստատող հայտարարություն չի տարածել: