Չնայած բանակցությունների արդյունքում զինտեխնիկան և զորքերի մեծ մասը ետ են քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ։ ԱԺ-ում այս մասին հայտարարել է «ՔՊ» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
«Տեղի ունեցածի արդյունքում վերը նշված հատվածում Ադրբեջանն ամրապնդել է մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը։ Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի շուրջ 41 ք/կմ տարածք՝ 11 տեղամասերում»,-նշել է պատգամավորը։
Ինչպես հայտնել ենք, նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին՝ Սիսիանի պարանոցի հատվածում, Քարվաճառի կողմից դեպի Ծղուկ, Գորհայք հատված, ադրբեջանական զինված ուժերը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել: Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։
Ըստ տելեգրամային աղբյուրների՝ նախապես հայ դիրքապահներին հաջողվել է կանխել ադրբեջանական առաջխաղացումը, սակայն թշնամին ծանր զրահատեխնիկա է սկսել կիրառել և 1-2 կմ առաջ է եկել:
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրադրությունը դեռևս լարված է, ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։