կարևոր
1159 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-16 12:18

Մանդատներն օգտագործելու ենք բոլոր հնարավոր ելքերով՝ բացահայտելու այս իշխանությունների ապօրինությունները. Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ նիստերը բոյկոտելը ընդդիմության կողմից նախազգուշական քայլ է, որևէ ձևով չի նշանակում, որ մենք խուսափելու ենք բոլոր տիպի հարցերի քննարկումներից: Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ։

«Որևէ բան մեզ չի կաշկանդում, մենք ասել ենք, որ մանդատներն օգտագործելու ենք բոլոր հնարավոր ելքերով, այդ թվում նաև՝ բացահայտելով այս իշխանությունների ապօրինությունները, ազգադավ լինելը, մենք իրականացնելու ենք բոլոր այն գործողությունները, որը տալիս է մանդատը, հնարավորություն՝ այդ թվում ՍԴ դիմելու, ինչպես նաև՝ այստեղ հարցեր պարտադրելու»,-նշեց Արծվիկ Մինասյանը:

Մանդատները վայր դնելու մասով Մինասյանը ասաց, որ այդ հարցը իրենց օրակարգից դուրս չի եկել:

«Դա կլինի այն ժամանակ  երբ մենք կտեսնենք, որ դրանով հասնում ենք մեր վերջնանպատակին. կփոխենք կապիտուլացված իշխանությանը, կվերականգնենք երկրում ազգային իշխանություն և կձևավորենք սահմանադրական կարգը։ Մի բանում հստակ համոզված եղեք՝ որևէ ձևով  «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորները, որոնցից 3-ը ապօրինի կալանավորված են, որևէ ձևով կաշկանդված չեն մանդատի կամ կարգավիճակի առկայությամբ, առաջիկայում ևս մեկ հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

«Հարցն այն է, որ մենք այսօր մի իրավիճակի առջև ենք կանգնած, որ բացահայտ ու շատ ակնառու կերպով քաղաքական մեծամասնությունը, առաջ տանելով սեփական նեղ, խմբային շահերը, ուղղակի արհամարհում է սահմանադրական կարգավորումները։ Մենք ներկայում ՍԴ-ում ունենք նաև ներկայացված դիմումը այս ապօրինի վարքագիծը բացահայտելու և նրանց գործողությունների սահմանադրականությունը բացահայտելու պահով»,-ասաց Մինասյանը։

Նրա խոսքով, ԱԺ ներկա նստաշրջանի օրակարգում ընդդիմության պահանջով 3 հարց է ներառված՝ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունները, որը վերաբերում է մեր բնակչության կարևոր իրավունքներից մեկին՝ մինչև 500 հազար դրամ տուգանքի դեպքում վարչական մարմիններին արգելվելուն վերադասության կարգով դատական բողոք բերել, երկրորդը՝ գերիների և պահվող անձանց վերաբերող հարցը, երրորդը հարցապնդումն էր, որը հետպատերազմյան շրջանում հումանիտար սխեմաներին էր վերաբերում։

«Մենք չենք հրաժարվել սրանց քննարկումներից, այս հարցերը ավտոմատ տեղափոխվում են, քաղաքական մեծամասնությունը չի կարող միանձնյա քննել, հիմնական զեկուցողները տեղում չեն»,-ասաց Արծվիկ ՄԻնասյանը՝ վստահեցնելով, որ իրենք բոլոր գործիքակազմերն օգտագործելու են։

«Ի վերջո Հայստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմաննների անձեռնմխելիության  խախտման, պաշտոնական լիազորությունների չարաշահման, առերևույթ պետական դավաճանությունների դրսևորումների մասով բոլորն արդեն պետք է ենթարկվեին քրեաիրավական գործընթացների։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ սրանք այն հանցագործություններն են, որոնք ՔՕ-ով  նախատեսված վաղեմության ժամկետները 10 տարուց ավելի են։ Որևէ մեկը թող վստահ չինի այսօրվա իշխանություններից, որ այս գործերով  քրեական գործեր չեն հարուցվելու, ավելին ասեմ, ներկայում մեր դատական գործընթացներում ունենք մի քանի գործեր, որոնք հենց առերևույթ պետական դավաճանության հանցակազմեր պարունակող  երևույթների քննության համար են, որտեղ կենտրոնում Նիկոլ Փաշինյանն է, ինչպես նաև՝ իշխանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Բոլորը քննվելու են և բոլորի համար հասնելու է արդարադատություն»,-շեշտեց Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու ԱԺ աշխատանքներին նշված օրակարգով, քանի որ Հայաստանի առաջ ծառացած օրհասական հարցերից զատ քննարկման այլ հարցերն անիմաստ են

Մանրամասները՝ տեսանյութում։