կարևոր
2695 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-16 10:15

Քաղաքական մեծամասնությունն ապօրինաբար խոչընդոտել է ընդդիմության նախաձեռնությանը. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ նիստը

Քաղաքական մեծամասնությունն ապօրինաբար խոչընդոտել է ընդդիմության նախաձեռնությանը. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ նիստը

Նոյեմբերի 16-ին գումարվել են ԱԺ հերթական նիստերը:

Երեկ ընդդիմադիր խմբակցությունները պահանջեցին ԱԺ խորհրդի նիստ հրավիրել, որպեսզի արտահերթ հրատապ լիագումար նիստ գումարվեր հենց երեկոյան՝ քննարկելու Հաայստանում ստեղծված օրհասական խնդիրները՝ հրավիրելով Կառավարության և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին: 

ԱԺ խորհրդի կայացած նիստում, սակայն, չքննարկվեց լիագումար հրատապ նիստ գումարելու հարցը: Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմությունը համապատասխան փաստաթղթղերը չէր ներկայացրել:

Այսօր առավոտյան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու նիստի աշխատանքներին նշված օրակարգով, քանի որ Հայաստանի առաջ ծառացած օրհասական հարցերից զատ քննարկման այլ հարցերն անիմաստ են:

«Շարունակաբար և հատկապես վերջին օրերի սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, ԱԺ օրակարգ բերել  և արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը»,-ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա հայտնեց, որ ընդդիմությունը կառավարությունից պահանջում էր բացատրություններ և հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, քանի որ այս ամենը Կառավարության բացթողումների և օրենսդիրի պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով է, սակայն քաղաքական մեծամասնությունը, չարաշահելով իր լիազորություններն, ապօրինաբար խոչընդոտել է այդ նախաձեռնությանը:

«Ավելին՝ իրավական ամենաթողության պայմաններում  կրկնակի կալանավորվեց այս պահանջին միացած Սյունիքի պատգամավոր Արթուր Սարգսյանը: Դատապարտելով այս իրավական բեսպրեդելը և ի նշան բողոքի՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին»,-հայտարարեց Օհանյանը

«Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմությունը պահանջել էր արտահերթ նիստ, որպեսզի ստանան սահմանին կատարվողի բացատրությունները:

Նկատելով, որ ստեղծված իրավիճակում ԱԺ օրակարգում սնդիկի վերաբերյալ օրենքի բովանդակությամբ հարցեր են՝ Մամիջանյանը հայտարարեց. ««Պատիվ ունեմ» խմբակցությունը կվերադառնա ԱԺ դահլիճ, եթե մեր երկրի առաջ ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ-փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»:

Նոյեմբերի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 33 հարց: