973 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-15 19:08

Քաղաքական մեծամասնությունը չարաշահել է իր լիազորություններն ու տապալել նիստի անցկացումը. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական մեծամասնությունը չարաշահել է իր լիազորություններն ու տապալել նիստի անցկացումը. Իշխան Սաղաթելյան

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր՝ ժամը 20:00-ին, ԱԺ արտահերթ լիագումար նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել՝ սահմանային ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով, որպեսզի կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, պարզաբանումներ ներկայացնեն խորհրդարանին:

ԱԺ արտահերթ նիստը, սակայն, չի կայանա, քանի որ ԱԺ խորհրդի կայացած նիստում այդ հարցը չի քննարկվել: Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմությունը համապատասխան փաստաթղթղերը չի ներկայացրել:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ սկսեցին բանավիճել արտահերթ նիստ հրավիրելու եւ այդ հարցը ԱԺ խորհրդի նիստում քննարկելու ընթացակարգի շուրջ:

«Ակնհայտ է, որ մի կողմից սա օրենքի չիմացություն է, մյուս կողմից՝ պատասխանատվությունից խուսափելու քաղաքական ակնհայտ որոշում: Անվտանգային որեւէ հարց նման միջավայրում անիմաստ է քննարկել, եթե հիմնարար հարցերին պատասխաններ չկան»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն էլ պնդեց, որ քաղաքական մեծամասնությունը չարաշահել է իր լիազորություններն ու տապալել նիստի անցկացումը:

«Իշխանությունը, հերթական անգամ չարաշահելով իր լիազորությունները, մերժեց մեր առաջարկը, մենք նման իրավիճակում չենք գալու ընթացիկ, օրինակ՝ բյուջետային հարցեր քննարկել, որովհետեւ երկրի առջեւ առկա խնդիրներն այլ են: Փաշինյանի հեռացումը պարզապես այլընտրանք չունի՝ նրա իշխանության մնալը նոր աղետ է բերում: Խորհրդարանում կամ դրանից դուրս մենք մեզնից կախված ամեն բան անելու ենք նրա հեռացմանը հասնելու համար: Այս իրավիճակում, երբ թշնամին ՀՀ տարածքում հենակետեր է տեղադրում,  նախ պետք է հասկանալ՝ պետություն ունենալու ենք, թե՝ ոչ, որ նոր գանք ու բյուջե քննարկենք: Մենք մանդատները դիտարկել ենք այս պայքարի համար կարեւոր գործիքներից մեկը, որ օրը հասկանանք, որ դա արդյունավետություն չունի այլեւս, դրանից էլ կհրաժարվենք, այս պահին, ամեն դեպքում, նման որոշում չունենք, որովհետեւ մանդատները մեզ չեն կաշկանդում փողոցում մեր օրակարգերը տարբեր ուղղություններով սպասարկել»,- նշեց Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նաև հայտնեց, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։