կարևոր
448 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-15 18:42

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստին

Նոյեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով իր մասնակցությունը բերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայապահպանության, հատկապես սփյուռքի հայ համայնքների կենսունակության ապահովմանը, ազգային ինքնագիտակցության պահպանմանն ու զորացմանը միտված ծրագրեր։

Քննարկվեցին նաև Արցախի ժողովրդի կարիքների հոգացմանը, ազատ ու ապահով կյանքի իրավունքի պաշտպանությանը, պատճառված ավերների վերականգմանը և Արցախի զորացմանը նպաստելու ուղիները և հնարավորությունները։ Դժվարին այս առաքելության մեջ կարևոր նկատվեց ազգային բոլոր կառույցների և համազգային ողջ ներուժի համախմբումը։

Այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանն ունեցան առանձնազրույց, որի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀԲԸՄ միջև ձևավորված երկարամյա համագործակցությանը ազգային կյանքի տարբեր ոլորտներում, կարևորվեց համատեղ ծրագրերի շարունակականությունը հանուն հայրենիքում և սփյուռքում առկա մարտահրավերների հաղթահարման։