կարևոր
1570 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-15 18:27

Իմ ազատության մեջ մնալը խանգարում է այսօրվա իշխանությունների կատարվելիք գործողություններին. Արթուր Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկ ժամ առաջ ԱԺ-ում էի գտնվում, քանի որ վաղը նիստ ունեինք։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Ես լրատվամիջոցներից եմ իմացել, որ կալանավորման որոշում է կայացվել, ոչ ես, ոչ իմ փաստաբանը ծանուցված չենք եղել:

Իմացել ենք, որ նոյեմբերի 12-ին նիստ կա, փաստաբանը միջնորդել է հետաձգել նիստը։ Այդ ժամանակ դատավորն էլ ուրիշ էր, իսկ այս երկու օրվա մեջ փոխվել է դատավորը ու նշանակվել է հանրահայտ Արմեն Դանիելյանը։ Կարծում եմ՝ մեկնաբանության կարիք չկա, քանի որ այդպես էլ պետք է լիներ։ Այս հետապնդումը քաղաքական է»,-ասաց Արթուր Սարգսյանը։

Նա նշեց, որ այսօր Սյունիքում սահմանների հետ կապված խնդիր կա, և համայնքապետերի պայքարը եղել է հենց սահմանների անվտանգության խնդիրը։

«Ոգիս, դուխս տեղն է։ Ոչինչ չի փոխվելու, թեկուզ մեկ ամիս էլ նստեմ։ Դեկտեմբերի 29-ին այս գործի վաղեմության ժամկետը լրանում է և ուզեն, թե ոչ, ինձ պետք է բաց թողնեն։ Կարծում եմ՝ իշխանությունների համար կարևոր է, որ այս մեկ ամիսը լինեմ կալանքի տակ»,-ասաց Արթուր Սարգսյանը։

Սարգսյանը հավելեց, որ դա կալանավորումը պայմանավորված է այսօրվա սահմանների իրավիճակի, պաշտպանության նախարարի փոփոխության հետ։

«Իմ ազատության մեջ մնալը խանգարում է այսօրվա իշխանությունների կատարվելիք գործողություններին»,-նշեց պատգամավորը։

Արթուր Սարգսյանը անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը դեպի Սիսիանի տարածք 2 կմ առաջ է եկել:

«Հստակ տեղեկություններ չունեմ, եթե մի բան իմ աչքով չեմ տեսել, չեմ խոսում այդ մասին:

Գիտեմ, որ միջադեպեր եղել են։ Այսօր պետք է գնայի Սիսիան, վաղն էլ ժամը 14:00-ին իմ այս քրեական գործի դատավարական փուլն էր, այնտեղ պետք է լինեի, բայց հիմա էլ չեմ կարող լինել»,-նշեց պատգամավորը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում։