կարևոր
559 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-15 16:36

Նորայր Միրզոյանը կալանավորված կամ ձերբակալված չէ. Արցախի ՄԻՊ

Նորայր Միրզոյանը կալանավորված կամ ձերբակալված չէ. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ այսօր հանդիպել է Նորայր Միրզոյանի հետ:

«Առավոտյան այցելել եմ Նորայր Միրզոյանին, ով կալանավորված կամ ձերբակալված չէ, և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ: Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։

Այնուհետև հանդիպել եմ նաև Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է:

Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին:

Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն.Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Նորայր Միրզոյանը մոտեցել էր Շուշիի մոտ գտնվող ադրբեջանցի զինծառայողների անցակետին եւ պայթուցիկ նետել նրանց ուղղությամբ, որից հետո ադրբեջանցիները անկանոն կրակ են բացել այդ պահին ճանապարհին գտնվող հայկական մեքենաների ուղությամբ: Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան: