կարևոր
1507 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-15 16:00

Առկա մարտահրավերները համատեղ հաղթահարելու համար անհրաժեշտ է երկարատև ու միասնական աշխատանք. Արտակ Բեգլարյան

Առկա մարտահրավերները համատեղ հաղթահարելու համար անհրաժեշտ է երկարատև ու միասնական աշխատանք.  Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-14-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայկական համայնքների հետ՝ և՛ լայն կազմով, և՛ առանձին համայնքային կազմակերպությունների ղեկավար կազմերի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
 
Հանդիպումների ժամանակ պետական նախարարը, շնորհակալություն հայտնելով տարիներ շարունակ Արցախի հանդեպ Սփյուռքի ցուցաբերած սրտացավության համար, ներկայացրել է ընթացիկ իրավիճակն ու ապագայի ծրագրերը: Նա ընդգծել է, որ առկա մարտահրավերները համատեղ հաղթահարելու համար անհրաժեշտ է երկարատև ու միասնական աշխատանք՝ մեծապես փոխելով Սփյուռքի ներգրավվածության ձևաչափերն ու աջակցության տեսակները:
 
«Անհրաժեշտ է թոթափել հիասթափությունը և լծվել խելացի ու համբերատար ջանքերի իրականացմանը, ինչպես նաև անցյալի սխալների վերլուծության հիման վրա ապագայի պլանավորմանն ու կերտմանը:

Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
 
Անմիջական մթնոլորտում տեղի ունեցած մտքերի փոխանակման ընթացքում պետական նախարարը պատասխանել է Արցախի ներկա ու ապագա անվտանգությանը, ժողովրդագրությանը, տնտեսությանն ու այլ ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցերի: