1252 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-15 12:58

Սուրեն Պապիկյանը նշանակվեց Պաշտպանության նախարար

Սուրեն Պապիկյանը նշանակվեց Պաշտպանության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Սուրեն Պապիկյանը նշանակվել է Պաշտպանության նախարար։

Ավելի վաղ նախագահի հրամանագրով Պապիկյանն ազատվել էր ՀՀ փոխվարչապետի, իսկ Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնից։

Պապիկյանի զինծառայության մասին հստակ տվյալներ չկան։ Կառավարության էջում նրա կենսագրության մեջ նշված է.

«2003-2010 թթ. - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր»։

Մինչդեռ երբ հայտնի դարձավ, որ ծառայության ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով դատապարտվել է ազատազրկման, Պապիկյանը հայտարարեց, որ ծառայել է ոչ ՀՀ զինված ուժերում, 2004-2006 թվականներին։

Նա հաստատեց, որ եղել է դեպք, ինչի հետևանքով դատապարտվել է ազատազրկման, ապա համաներմամբ ազատ է արձակվել։

«Այն ինչ տեղի է ունեցել, ինձ համար ցանկալի բան չէ։ Կարծում եմ այն դրվագներից է, որի համար ափսոսում եմ»,- նշել է նա։

«Սպուտնիկ Արմենիան»-ն գրել էր, որ Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով (պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ)։

Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը և հաստատել։ Պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին, ազատ է արձակվել համաներմամբ։