կարևոր
1705 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-15 12:46

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փաստացի պարտվել է նաև Իջևան և Ստեփանավան համայնքներում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փաստացի պարտվել է նաև Իջևան և Ստեփանավան համայնքներում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փաստացի պարտվել է նաև Իջևան և Ստեփանավան համայնքներում: Գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

«2021 թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցրեցին այն կեղծ պատրանքը, թե իբր Հայաստանի վարչապետի պաշտոնում հայտնված ազգակործանը ժողովրդի վստահություն է վայելում։ Հակառակը, այս ընտրություններն հիմնավորում են այն կասկածները, որ 2021 թվականի Ազգային ժողովի ընտրությունները կեղծվել են և չեն արտահայտում հասարակության իրական տրամադրությունները։ Գրեթե բոլոր համայնքներում նրա առաջնորդած քաղաքական կուսակցությունը պարտություն է կրում, խոշոր համայնքներում՝ ձայների հսկայական տարբերությամբ։ Քաղաքակիրթ երկրներում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ձախողումներից հետո՝ քաղաքական իշխանությունը հրաժարական է տալիս այն տրամաբանությամբ, որ եթե հասարակության վստահություն չեն վայելում, ապա կապ չունի թե դա, որ մակարդակի ընտրություններով է արտահայտվում։ Առավել ևս այս պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը շատ դեպքերում անձամբ, իսկ հիմնականում փոխվարչապետի մակարդակով է մասնակցում և ղեկավարում նախընտրական գործընթացները և քարոզարշավը։

Պաշտոնական տվյալներով որոշ համայնքներում հաղթել են իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։ Այդպիսի համայնքներից են ՀՀ Տավուշի մարզի Իջևան և ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքները։ Այդ կապակցությամբ հարկ է նկատել մի քանի կարևոր հանգամանք․

1) այդ համայնքներում ընդդիմությունն էական ներգրավվածություն չի ունեցել ընտրական գործընթացներում, այսինքն ՔՊ-ն կարողացել է «հաղթել», որտեղ մենակ է եղել և ընտրապայքար, ըստ էության, չի եղել։

2) Իջևան քաղաքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքն է, իսկ Ստեփանավանը՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի։ Սա նշանակում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձիք, օգտագործելով իրենց պաշտոնական լիազորությունները, իրենց ծննդավայրերը վերածել են ֆեոդալական կալվածքների՝ պահելով անձնական ազդեցության տիրությունում։

3) Ընտրությունների ժամանակ ընտրողների վերաբերմունքն արտահայտվում է, որ թե այս կամ այն թեկնածուին ընտրելու, այլև ընտրություններին ցուցաբերած մասնակցության միջոցով։ Հարկ է նկատել, որ նոյեմբերի 14-ին կայացած ընտրություններին, եթե Կապանում ընտրողների մասնակցությունը կազմել է 63,48%, ապա Ստեփանավանում՝ դրա կեսից մի քիչ ավելի՝ 38,30%, իսկ Իջևանում՝ ավելի ցածր՝ 37,43%: Սա նշանակում է, որ ընտրողների գերակշիռ մեծամասնությունը (շուրջ 60%-ը) իշխանություններից իրենց դժգոհությունն արտահայտել են ընտրություններին չմասնակցելու միջոցով։

Նոյեմբերի 14-ի ընտրությունները լուրջ ազդակ պետք է լինեն դեկտեմբերի 5-ին սպասվող ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների համար։ Խայտառակությունից խուսափելու համար, նրանք, առանց ժամանակ կորցնելու այսօրվանից պետք է գնան ընտրական հանձնաժողով և դիմումներ գրեն ինքնաբացարկի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանի կործանմանը քիչ ժամանակ է մնացել, այդպիսով նրանք կարող են փրկել իրենց ոչ միայն պատիվն ու արժանապատվությունը, այլև իրենց ուսերին չվերցնեն անտեղի պատասխանատվության բեռը»։