Ինչ մտավախություն ունեի, իրականացավ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապանում ՏԻՄ ընտրություններին հաղթած, ներկայիս քաղաքապետ Գեւորգ Փարսյանը` անդրադառնալով այսօր գիշերվանից Ճակատենում ադրբեջանական անցակետ տեղադրելու մասին ԱԱԾ հայտարարությանը:
«Դա շատ լուրջ խնդիր է մեզ համար: Միակ այլընտրանքային տարբերակը Մեղրիով է: Փաստորեն Կապան հասնելու համար 7-8 կիլոմետրանոց ճանապարհը դառնում է 150 կիլոմետր: Միակ կարճ այլընտրանքային ճանապարհը, որ կառուցվել է 90-ականներին, անտառամիջյան և շատ դժվարանցանելի ճանապարհ է, որի վրա պետք է մեծ աշխատանք տարվի:
Վաղվանից պետք է մտածենք 6 բնակավայրի բնակիչների մասին, պարենային ապահովման մասին»,-ասել է Փարսյանը և հավելել, որ միակ այլընտրանքային ճանապարհը Գեղանուշով ճանապարհն է, որը շատ վատ վիճակում է գտնվում և դժվարանցանելի է:
Համայնքապետը նաև ահազանգել է, որ եթե Կապան-Ճակատեն ճանապարհն ամբողջությամբ փակվի, ապա շուրջ 6 գյուղ՝ Ճակատենը, Շիկահողը, Սրաշենը, Ներքին Հանդը, Ծավը և Շիշկերտը, որտեղ 600-700 բնակիչ կա, հայտնվում է շրջափակման մեջ և զրկվում ճանապարհից:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտարարել է, որ նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։