կարևոր
382 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-14 23:45

Լծվելու ենք խնդիրների լուծմանը, առաջին հերթին` անվտանգության. կապանցիները ողջունում են հաղթանակած Գևորգ Փարսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լծվելու ենք խնդիրների լուծմանը, առաջին հերթին` անվտանգության. կապանցիները ողջունում են հաղթանակած Գևորգ Փարսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կապանի ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով հաղթանակ տարավ «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Նախնական տվյալներով «Շանթ» դաշինքն ստացել է 12.921 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 5338 ձայն։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող  31 644 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող, կամ ընտրողների`  63.48 տոկոսը:

Կապանում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու Գևորգ Փարսյանի հաղթանակը: Նրանց ընդառաջ է դուրս եկել Փարսյանն ու շնորհակալություն հայտնել` վստահության համար.

«Շնորհակալ եմ մեր աջակիցներին, բոլոր կապանցիներին, որ այս ծանր օրերին մեզ հետ էին, չընկրկեցին, շատերի մոտ ես տեսա տղամարդկություն: Այս հաղթանակով վերականգնվեց արդարությունը, սա արդարության հաղթանակն էր անարդարության նկատմամբ, սա ճշմարտության հաղթանակն էր կեղծիքի ու ստի նկատմամբ, սա արժանապատվության հաղթանակ էր: 

Ես ասում էի՝ մեր կապանցիներն արժանապատիվ ու գիտակից ժողովուրդ են և ապացուցեցին դա:

Այս ընթացքում դուք էլ տեսաք՝ ինչ անարդարություն էր տիրում մեր նկատմամբ, բայց ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մենք Հայաստանի ներսում թշնամիներ չունենք, մեր թշնամին գտնվում է սահմանից այն կողմ»,- հայտարարել է Փարսյանը և շեշտել, որ շատ է կարևորում այս հաղթանակը.

«Մենք մեր թշնամիներին ապացուցեցինք, որ համախմբված և միասնական ենք, մեր թշնամուն ցույց տվեցինք, որ չի կարելի մեզ հետ խաղալ:Այս վստահությունը, որ ինձ տվեցիք, էլ ավելի է պարտավորեցնում, որպեսզի ավելին անենք և շենացնենք Կապանը»,-իր ելույթում ասել է Փարսյանը:

«Լծվելու ենք խնդիրների լուծմանը, առաջին հերթին անվտանգության խնդիրների, համագործակցելու ենք բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ»,-ասել է նա: