ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Արցախում քաղաքացիական աշխատանքների ժամանակ ադրբեջանական զինծառայողի կրակոցից սպանված արցախցի երիտասարդի դեպքին և նշել, որ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի:
«Անմեղ հայ խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունները շարունակվում են Արցախում Ադրբեջանի հարձակման դադարեցումից մեկ տարի անց։ Բայդենի վարչակազմի կողմից այս միջադեպի դատապարտումը կարևոր է, բայց պետք է ավելին անել՝ Ալիևին իր մահաբեր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է Փալոունը՝ տարածելով երիտասարդի մահվան մասին հրապարակմամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ադրբեջանցի զինծառայողը Շուշիի մերձակայքում Շուշի-Բերձոր ճանապարհին կրակել է բանվորների խմբի վրա, որոնք վերանորոգում էին ջրատարը: Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1998թ․ ծնված Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստացած վերքերից տեղում մահացել է։ Գեւորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը եւ Արմեն Սարգսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: