կարևոր
1348 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-14 14:42

Մարտակերտի դպրոցներում վերսկսում են առկա դասերը

Մարտակերտի դպրոցներում վերսկսում են առկա դասերը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Մարտակերտում վերսկսել առկա ուսումնական գործընթացը 1-12-րդ դասարաններում:

Այս մասին հայտնում է Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը՝ հրապարակելով ԿԳՄՍ հրամանը:

Ըստ այդմ՝

1․ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել 2021թ․ նոյեմբերի 15-ից վերսկսել ուսումնական գործընթացը 1-12-րդ դասարանների սովորողների համար՝ ԱՀ առողջապահության նախարարի 2021թ․ նոյեմբերի 4-ի N 256-Ա հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ։

2․ Նախադպրոցական/մանկապարտեզներ/ հիմնարկներից բացի՝ 2021թ․ նոյեմբերի 15-ից վերսկսվում են նաև արտադպրոցական/սպորտ դպրոց, ՄՊՍԿ, երաժշտական, արվեստի դպրոցներ/ հիմնարկների գործունեությունը՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

3․ Մարտակերտի շրջանի վարչակազմի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին՝

-խիստ պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, կիրառել առողջապահական ու սանիտարական բոլոր նորմերն ու ուղեցույցները,

-ապահովել համապատասխան ջերմային ռեժիմ,

-հիվանդ աշակերտները, ուսուցիչները և այլ աշխատակիցները չպետք է հաճախեն դպրոց,

-աշխատողները և 5-12-րդ դասարանների սովորողները կրում են շնչադիմակ,

-նոյեմբերի 15-20-ը ամեն օր՝ ժամը 11-ին, ԿՍ բաժին տեղեկություն ներկայացնել բացակայությունների, հիվանդությունների և ջերմային ռեժիմի վերաբերյալ։