կարևոր
1504 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-14 10:36

Կապանցիներն ընտրություն են անում իշխող ՔՊ կուսակցության և գործող համայնքապետի գլխավորած դաշինքի միջև

Կապանցիներն ընտրություն են անում իշխող ՔՊ կուսակցության և գործող համայնքապետի գլխավորած դաշինքի միջև

Այսօր նոյեմբերի 14-ին Կապանում անց են կացվում համայնքի ավագանու համամասնական ընտրություններ։ Առաջադրվել են երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը։ Վերջինիս ցուցակը գլխավորում է Կապանի գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը։

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է 29-ամյա Դավիթ Դանիելյանը, որը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա ծնունդով Կապանից է, մասնագիտությամբ՝ նկարիչ, ՔՊ անդամ է, բայց աշխատանքային գործունեությունն այդքան էլ հարուստ չէ. 2017-2018թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործություն մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կապանի պատասխանատուի պաշտոնում, 2019-2020թթ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնականի եւ 2021թ. հունվար-հունիս՝ ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնականի պաշտոններում։

ՔՊ-ն Կապանում առաջադրել է ավագանու 61 թեկնածու, որոնցից 21-ը կին է։ Ցանկում են մարզպետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ, բանկային եւ այլ ոլորտի մասնագետներ։

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է 36-ամյա գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որն անկուսակցական է։ Նա ծնունդով Կապանից է։ 2018թ-ի հոկտեմբերին Փարսյանը հաղթել էր Կապանի համայնքի ղեկավարի ընտրություններում։

«Շանթ դաշինք»-ն առաջադրել է ավագանու 70 թեկնածու, որոնցից 23-ը կին է։ Ցուցակում են նաեւ Կապան համայնքի ղեկավարի երեք տեղակալները՝ Մեսրոպ Արզումանյանը, Գոռ Թադեւոսյանը եւ Մարատ Հարությունյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Կապան խոշորացված համայնքի մաս կազմող Արծվանիկ, Սեւքար, Վարդավանք, Սրաշեն, Օխտար, Տանձավեր, Կաղնուտ, Ներքին Հանդ, Եղեգ, Տավրուս համայնքների վարչական ղեկավարները, կրթական, բանկային եւ այլ ոլորտների մասնագետներ։