կարևոր
1792 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-13 21:45

Ճակատեն-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն այսօր ինժեներական աշխատանքներ են սկսել

Ճակատեն-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն այսօր ինժեներական աշխատանքներ են սկսել

Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում՝ Կապան տանող ճանապարհին ադրբեջանցիներն այսօր ինժեներական աշխատանքներ են սկսել, հնարավոր է՝ տնակ տեղադրեն, իսկ թե արդյոք դա հետագայում կծառայի որպես անցակետ, դեռ հստակ չէ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանը տեղեկացրեց, որ առավոտյան ճանապարհին հանգիստ էր, երկրորդ կեսին նույն տեղում արդեն կռունկ էր աշխատում, շինարարություն էր իրականանում ու փորման աշխատանքներ կատարում։

«Չգիտեմ ինչ են անում, բայց այսօր առավոտը անցա՝ նորմալ էր, ոչ մեկ չկար։ Կեսօրին գնացի, որտեղ միշտ կանգում էին մեկ-երկու հոգի, այդ պահիմ արդեն 4,5,6 և ավելի։ Ավելի ուշ՝ 4․30, արդեն ռուս սահմանապահները կանգնած իրենց բեռնատարով՝ կամազով, հսկում էին։ Աջ կողմում էլ, գյուղից, որ իջնում ես, արդեն ադրբեջանական բեռնատարներ էին, ավտոկռունկը կանգնած, 20-ից ավել զինվորով ինժեներական աշխատանքներ էին կատարում։ Թե ի՞նչ են անում, չէի կարող կանգնել, հարցնել։ Հետո հասկացա, որ ինչ-որ բուդկա են բերելու դնեն ճանապարհի իրենց կանգնած հատվածում, թե դա որպես ինչ կծառայի՝ անցակետ, թե մաքսակետ, չեմ կարող ասել»։

Հիմա Հարությունյանը տեղեկություն չունի, արդյոք աշխատանքները շարունակվում են, թե` ոչ։ Մինչև օրս Կապան տանող ճանապարհի այդ հատվածում կանգնում էր մեկ ադրբեջանցի, ապա հերթափոխ էր իրականցվում՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ։ Այսօր նրանց թիվն ավելին էր՝ զինված էին։ Հետագա քայլերը անկանխատեսելի են։

«Կարող է առավոտը գնամ գյուղ, իրենք արդեն բետոնապատնեշները դրած լինեն ու անկնկալի բերեն ոչ միայն ինձ, այլև գյուղերին»։ Վարչական ղեկավարը սահմանապահներից ևս փորձել է տեղեկանալ, վերջիններս ևս լսել էին, որ ինժեներական աշխատանքներ են իրականացվում։

«Գնալուց մարդ չկար։ Գալուց կռունկ էր կանգնած, հետևից շալանդ, բայց անձամբ ես բուդկան չտեսա, 20 զինվոր կար՝ կեսը կանգնած էր, կեսը աշխատում էր, բարձրաստիճան սպաներ կլինեին մեջները՝ չտեսա»։

Կապան իջնող ճանապարհին այլընտրանք դեռ չկա։ Այլընտարանքային ճանապարհ կառուցելու համար մի քանի օր առաջ տեխնիկա է բերվել, բայց ըստ վարչական ղեկավարի՝ մեկ օրվա ու մեկ ամսվա աշխատանք չէ այն կառուցելը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանն այդտեղ մաքսակետ է տեղադրել՝ կիսաշրջափակման մեջ դնելով Սյունիքի առնվազն երեք գյուղ։