կարևոր
2017 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-13 21:33

Այլընտրանքային ճանապարհը կարո՞ղ է լիարժեք ճանապարհ լինել Գորիս-Կապան ճանապարհին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջպետական Կապան-Գորիս ճանապարհի Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո ու իրանցի վարորդներից տուրքեր գանձելուն զուգահեռ, թշնամին նոր սահմանափակում էր մտցրել՝ սեփական երկրում հայերը ճանապարհն անցնում էին ռուս զինվորականների ուղեկցությամբ: Ու սա շարունակություն էլ է ունեցել: Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր է տեղադրել: Հայ վարոդները դադարել են այդ կողմով երթեւեկել: Իշխանությունները այլըտրանքային ճանապարհի ասֆալտի որակն էին գովում։

Թեեւ Հայաստանի վարչապետն ԱԺ ամբիոնից վստահեցրել էր, թե երկու կողմն անխափան օգտագործելու են այդ ճանապարհը, հետո խոստովանել էր, որ Սյունիքի այդ ճանապարահատվածով անցնող իրանցի վարոդների մասին նախօրոք չէին մտածել, մաքսակետը դնելուց առաջ էլ բոլոր նախորդ հայտարարությունների կողքին, ասացին, որ հայկական կողմն էլ է մաքսակետ դնելու:

Իրավիճակը մաքսակետի տեղադրումից հետո՝ կաթվածահար ճանապարհ, խցանումներ, ընդհատված կապ հարակից բնակավայրերի միջեւ եւ սկսված հումանիտար ճգնաժամ՝ արդյոք գործող իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լիարժե՞ք է: Գորիսից Որոտան համայնք ժամանակին 15 րոպում հասնող ուսուցիչները խնդրի առաջին իսկ օրը դպրոց չեն հասել: Այլընտրանքային ճանապարհով փորձել էին, ուշացել ու դասերն առցանց, տարբերակին անցնելու որոշում կայացրել:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը Կառավարության դիմաց հավաքված ցույցին հենց այս հարցն էր բարձրացրել։ Պատգամավորների մուտքը Կառավարություն փակել ու ցույցի մասնակիցներին բերման էին ենթարկում հրատապ հարցերին պատասխան տալու փոխարեն: Տարածքային կառավարման նախարարն էր միայն Սյունիքում, իհարկե առաջնահերթ էր Կապանի նախընտրական քարոզչությանը մասնակցելը, հետո ինքն էլ փորձել էր Բարձրավան համայնքի ճանապարհն ու «Հրապարակ» թերթի տեղեկությամբ՝ խրվել ցեխի մեջ: Դա հետեւանք է Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու:

Կտրված համայնքներ հնարավոր է հասնել միայն ամենագնացներով: Իրենք՝ իշխանություններն էին ուղորդում հայ վարորդներին գնալ այլընտրանքային՝ Տաթեւ-Աղվանի ճանապարհով, մինչդեռ այն դժվարանցանելի է հատկապես եղանակային վատ պայմանների ու վթարների դեպքում:

Մարդու իրավունքների պաշտպանը ահազանգում է՝ լրջորեն դժվարացել է Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան եւ մյուս քաղաքացիական բնակավայրերի միջեւ կապը ՝ ադրբեջանական կողմի ստեղծած արգելքների պատճառով: Նշված բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ: Օրինակ՝ այսօր Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղերում մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած տվյալներով՝ նշված գյուղերին հացը մատակարարվել է 16:00-ից հետո՝ Գորիսի համայնքային մարմինների լրացուցիչ ջանքերով: Ճանապարհի ադրբեջանական վերահսկողության պատճառով, ինչպես նաեւ Խոտ բնակավայրով անցնող այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի լինելով պայմանավորված՝ սահմանափակվում է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը: 

Երեկոյան ժամերին Տաթեւ-Աղվանի ճանապարհի երթեւեկությունը կաթվածահար վիճակում է, խցանման մեջ են հայտնվում թե՛ մարդատար, թե՛ բեռնատար մեքենաները: Ոստիկանությունը հավաստում է, որ ճանապարհն անցանելի է, այդ հատվածում ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է համապատասխան ծառայություն: Այս նույն ժամաանակահատվածում կառավարությունը 50 մլն դրամ է հատկացրել օդանավակայանի կառուցման համար, եւ հավաստիացնում, որ հունվարի 20-ից շաբաթը երկու անգամ կլինեն կանոնավոր չվերթներ Երեւան-Կապան-Երեւան ուղղությամբ:

Բայց, թե որքանով են մեր ինքնաթիռներն ապահովագրված լինելու ադրբեջանական կրակոցներից, հարցի պատասխանը դեռեւս անհայտ է: Այս տեսանյութը հրապարակել է ադրբեջանցի օգտատեր, նկարահանվել է Կապանի օդանավակայանից տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող դիրքերից: Առայժմ դեռ պարզ չէ՝ ո՞վ կամ ինչպե՞ս է ապահովելու թռիչքների անվտանգությունը, եւ որքանո՞վ է հայկական կողմը ապահովվագրված, որ կրակոցներ չեն լինի ինքնաթիռների եւ օդանավակայանի աշխատակիցների ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։