կարևոր
1183 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-13 16:10

Գերագույն հոգևոր խորհուրդը հաստատում է՝ Հայ Եկեղեցու հետ որևէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել

Գերագույն հոգևոր խորհուրդը հաստատում է՝ Հայ Եկեղեցու հետ որևէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել

Գերագույն հոգևոր խորհուրդը անդրադարձել է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

«Նոյեմբերի 8-13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին, Հայաստանի թեմակալ առաջնորդների մասնակցությամբ ընդլայնված նիստին անդրադարձ եղավ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ խորհրդարանում ծավալված քննարկումներին և այդ շրջանակում հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային օրեր պահելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկին։

Արձանագրվեց, որ օրենսդրական փոփոխությունների հիշյալ նախագծում Մայր Աթոռի առաջարկը տեղ չի գտել և Հայ Եկեղեցու հետ որևէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել։

Ազգային, հոգևոր, պետական շահերի համատեքստում խելամիտ որևէ բացատրություն չի ներկայացվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությունը մերժելու, և հիշյալ օրերը ոչ աշխատանքային օրերի ցանկից դուրս բերելու նախաձեռնության առնչությամբ։

Ժողովականները հույս հայտնեցին, որ առաջարկը դրական անդրադարձ կգտնի խորհրդարանում և մեր հավատավոր ժողովուրդը կկարողանա Ճրագալույցին և Մեռելոց հիշատակին, օրվա խորհրդի վերապրումով, անարգել իր քայլերն ուղղել դեպի եկեղեցիներ, խունկ և աղոթք մատուցել սիրելիների անմար հիշատակին»։