Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։00-ից-02։30-ն ընկած ժամանակահատվածում Ագարակավան գյուղի բնակիչները նկատել են գյուղում գայլերի ոհմակ։ Գյուղացիները, դուրս գալով տներից, գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու բնակիչ՝ 65-մյա Հայկ Մարտիրոսյանի տան բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են սատկած գառներ ու ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։ Գյուղացիների աղմուկի վրա գայլերը դիմել են փախուստի, որից հետո մինչև լուսաբաց գյուղացիները հայտնաբերել են, որ Հ. Մարտիրոսյանի ընտանիքին պատճառվել է խոշոր չափ նյութական վնաս։ Ահագին սատկած գառներ ու ոչխարներ գյուղացիները հայտնաբերել են տանից 2-3 կմ հեռավորության վրա՝ դաշտերում։
Քաղաքացին, որի ընտանիքը բազմանդամ է, կրել է մոտ 40 հազար ԱՄն դոլարի վնաս։ Գյուղացիներին հաջողվել է գայլերից մեկին վնասազերծել։
Այս պահին պարզվել է, որ գայլերի հարձակման հետևանքով սատկել է մոտ 170 գառ ու ոչխար, այդ վթում՝ մայրացու, 37-ից ավելի գառներ չկան, 80-ից ավելի ոչխարներ էլ դարձյալ՝ մայրացու, վիրավոր են։
Անասնաբույժ Արմեն Ասատրյանը նշել է, որ բոլոր վիրավոր ոչխաների ու գառների կոկորդը ծակված է, կատարել են առաջին բուժօգնություն, սակայն չեն ապրի, քանի որ վնասվածքները շատ են ու լուրջ։
Իսկ գյուղապետի տեղակալ Համլետ Հակոբյանն էլ ասում էր, որ գիշերվա ժամը 3:00-ից գյուղով տեղյակ են եղել, որ գայլերի մի մեծ ոհմակ է հարձակվել։ Գյուղի մերձակա տարածքներոմ գտել են մոտ 130 սատկած գառ ու ոչխար ու մինչև հիմա մնացածներին ման են գալիս, բայց չեն գտնում։ Երկուսին գտել են, այն էլ էլի սատկած։
«Այդ ընտանիքը բազմանդամ է, 3 եղբայր վարկ էին վերցրել ու ինչ քրտինքով ու տանջանքով էին այս ամենին հասել, բերել-հասցրել էին էս օրվան, բայց ամեն ինչ ջուրը թափվեց։ Մենք ապրում ենք այնպիսի վայրում, որ անասնակերը ձռք ենք բերում տուկը 1800-2000 դրամով։ Մենակ էս տարի իրանք գնել էին 1850 տուկ խոտ՝ 2000 դրամով, որը ահռելի գումարա կազմում։ Էդ խեղճերը պիտի հունվարին ծախեին գառներն ու վարկերը փակեին, հիմա ինչ են անելու, ոչ մեկս չենք պատկերացնում։ Ողջ գյուղի բնակիչներս ցավ ենք ապրում էդ մարդկանց ամար։ Պատրստ ենք ողջ գյուղով դիմել կառավարությանը, որ հնարավորության սահմաններում էս մարդկանց փոխհատուցում տան, օժանդակեն, որ էս ծանր բեռի տակից մի ձև կարողանան դուրս գալ»,-նշել է գյուղապետը։