Շուշիում տեղի ունեցած դեպքի հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի, բայց ադրբեջանական կողմում այս պահի տվյալներով 3 վիրավոր կա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան նոր միջադեպ է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ, որից հետո էլ թշնամին անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։
Պատգամավորը նշեց, որ ադրբեջանցիները կրակ են բացել ճանապարհի ուղղությամբ.
«Եթե հասցնես մեքենայից դուրս գալ ու ինչ-որ գործողություն անել, երևի կհայտնվես իրենցից ընդամենը 1-2 մ հեռավորության վրա։ Ճանապարհը ցանցով է բաժանված, մի կողմում դիրքերն են, մյուս կողմում՝ մեր ճանապարհը։ Փաստորեն իշխանությունների անգործության արդյունքում մարդիկ էլ ճար չեն գտնում։ Այստեղ նաև թասիբի հարց է, այդ ցավը չհաղթահարելու հարցն է, և մարդիկ ստիպված իրենք են նմանատիպ գործողությունների դիմում»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորը նշում է, որ Արցախում իշխանությունները պարզապես անգործությամբ են զբաղված։ Նրա խոսքով երեկ Արցախի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ընդ որում` պատգամավորի խոսքով Արցախում որևէ անկախ հասարակական կազմակերպություն չկա, դրանք բոլորն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի սեփականությունն են։
«Այսինքն` այսկերպ ինչ-որ դերասանություն է անում, որ հասարակությանը հանդարտեցնի, թե տեսեք-տեսեք հանրությունը ոտքի է կանգնել, բայց իրականում ինքն անգործության է մատնված, որևէ հարցի չի պատասխանում։ Չի գալիս ԱԺ՝ հաշվետու լինելու։ Բացարձակ որևէ գործողությամբ զբաղված չէ։ Ժողովուրդն ամեն օր, ամեն վայրկյան հատկապես Մարտիկի դեպքից հետո զգում է, որ ի դեմս իշխանությունների իրենց պաշտպանող չկա, ամեն մեկն իր գլխի ճարը պետք է տեսնի։ Նրանք ժողովրդին հասցրեցին սրան, ինչը դեռ ծիլերն են»,-նշեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանն անձամբ նոյեմբերի 8-ին սպանված Մարտիկին չի ճանաչել, բայց նշում է, որ տղայի ընտանիքը միշտ անարդարության մեջ է ապրել, և այն փաստը, որ 22-ամյա տղան բանվորություն էր անում, երբ կարող էր իր ապագան ավելի լավ կառուցել, արդեն խոսում է այդ մասին։
«Ամբողջ խնդիրը նրանում է, որ սոցիալապես խոցելի խավն է այսօր տուժողը։ Հայն իրոք համբերատար է, բայց ինչքա՞ն։ Թուրքն այսօր մտել է յուրաքանչյուրիս ընտանիք։ Որևէ մեկն այսօր պաշտպանված չէ։ Այդ տղան քույր ունի, մանկահասակ երեխաներ ունի և երևի այդկերպ է մտածում պաշտպանել իր ընտանիքին։ Լուռ անտարբերությունը, թուրքի կողմից ընկալվում է որպես հայի վախկոտություն։ 90-ականներին էլ կապ չուներ՝ ովքեր են իշխանությունները, ինչ արեց, արեց ժողովուրդը և չեմ բացառում, որ հիմա էլ կլինեն նման դեպքեր»,-հավելեց պատգամավորը։
Նշենք, որ առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը որոշ ժամանակով փակ էր։ ԱՀ ՆԳՆ-ից քիչ առաջ հայտնեցին, որ ճանապարհը երկկողմանի բաց է, և ազատ ու անվտանգ երթևեկելը կապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը։
«Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»,-հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից։