կարևոր
493 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-13 00:33

Կամար կենտրոնը լուսավորվել է կանաչով

Կամար կենտրոնը լուսավորվել է կանաչով

Նոյեմբերի 12-ին «Կամար» բիզնես կենտրոնը, որտեղ տեղակայված է Բրիտանական դեսպանատունը, լուսավորվել է կանաչ գույնով` ի նշանավորումն Կլիմայի փոփոխության համաժողովի ավարտի։ Համաժողովը տեղի է ունեցել Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 12-ը։

Կլիմայի փոփոխությունն ամենամեծ համաշխարհային մարտահրավերն է, որին առերեսվում ենք բոլորս: Կլիմայի փոփոխության 26-րդ տարեկան համաժողովը, որը հայտնի է նաև Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողով կամ COP26 անվամբ, հյուրընկալել են Միացյալ Թագավորությունը և Իտալիան։ Համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել շուրջ 120 պետության ղեկավարի և ամբողջ աշխարհի տասնյակ հազարավոր փորձագետների, կառավարությունների ներկայացուցիչների, գործարարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով խթանել կլիմայի փոփոխության աղետալի հետևանքները կանխելու համար անհրաժեշտ միջոցառումները։

Միացյալ Թագավորությունը շատ ուրախ էր Կլիմայի փոփոխության համաժողովում ողջունելու Հայաստանի պատվիրակությանը` նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության՝ կլիմայի փոփոխության դիմագրավման հավակնոտ նպատակները, որոնք ամրագրված են «Ազգային մակարդակով սահմանված գործողություններ» կոչվող ազգային ծրագրում։ Նշված է ՀՀ-ում Միացյալ թագավորության դեսպանության հաղորդագրության մեջ:

Այսօր Բրիտանական դեսպանատունը, «Կամար» բիզնես կենտրոնի հետ համագործակցությամբ, գրասենյակի շենքը լուսավորել է կանաչ գույնով՝ նշանավորելու համաժողովի ավարտը և կլիմայի փոփոխության դիմագրավմանն ու կանաչ զարգացման խթանմանն ուղղված համաշխարհային ջանքերը։

Բրիտանական դեսպանատունը լուսավորման համար ընտրել է «Կամար» բիզնես կենտրոնը՝ հաշվի առնելով, որ այս շենքն առաջինն է Հայաստանում արժանացել BREEAM հավաստագրման (Building Research Establishment Environmental Assessment Method՝ շենքի էներգաարդյունավետության գնահատման մեթոդ): Այս մեթոդը մշակվել է British BRE Global ընկերության կողմից՝ շենքերն ըստ էկոլոգիական արդյունավետության ստանդարտների գնահատելու նպատակով։ Բրիտանական դեսպանատունն ուրախ է համագործակցել «Կամար»-ի հետ՝ շենքը կանաչ գույնով լուսավորելու միջոցով կանաչ զարգացման կարևորությունը խորհրդանշական կերպով ընդգծելու համար: