կարևոր
418 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-12 23:39

Կաթվածահար ճանապարհ, խցանումներ, ընդհատված կապ բնակավայրերի միջեւ եւ հումանիտար ճգնաժամ. Գորիս-Կապան մայրուղու այլընտրանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կաթվածահար ճանապարհ, խցանումներ, ընդհատված կապ հարակից բնակավայրերի միջեւ եւ հումանիտար ճգնաժամ. արդյոք գործող իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լիարժեք է: Ուսուցիչները այսօր չեն կարողացել ժամանակին գնալ Որոտան համայնքի դպրոց, քանի որ Գորիս-Կապան ճանապարհը փակ է եղել, ուսուցիչները  գնացել են այլընտրանքային ճանապարհով, ինչի հետեւանքով ուշացումով են հասել, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դասերը իրականացնել առցանց, մինչեւ իրավիճակի պարզաբանում լինի: Երեկ սա կանխատեսել էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ահազանգում է՝ լրջորեն դժվարացել է Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան եւ մյուս քաղաքացիական բնակավայրերի միջեւ կապը ադրբեջանական կողմի ստեղծած արգելքների պատճառով:

Նշված բնակավայրերում արդեն առաջ են եկել սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ: Օրինակ՝ այսօր Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղերում մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած տվյալներով նշված գյուղերին հացը մատակարարվել է 16:00-ից հետո՝ Գորիսի համայնքային մարմինների լրացուցիչ ջանքերով: Ճանապարհի ադրբեջանական վերահսկողության պատճառով, ինչպես նաեւ Խոտ բնակավայրով անցնող այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի լինելու պատճառով՝ սահմանափակվում է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը:

Երեկ երեկոյան ժամերին Տաթեւ-Աղավնո ճանապարհի երթեւեկությունը կաթվածահար վիճակում էր, խցանման մեջ էին հայտնվել թե՛ մարդատար, թե՛ բեռնատար մեքենաները: 

Ոստիկանությունն իրավիճակի մասին պարզաբանում է ներկայացրել՝ պնդելով, որ ճանապարհը անցանելի է, եւ այդ հատվածում ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է համապատասխան ծառայություն:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է՝ Երեւան-Կապան այլընտրանքային ճանապարհը վերջին 15 տարիների ընթացքում լավագույն ճանապարհն է, մինչդեռ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հավաստմամբ, այդ ճանապարհը չի կարող համարվել լիարժեք այլընտրանք Գորիս-Կապան ճանապարհին:

Այս նույն ժամանակահատվածում Կառավարությունը 50 մլն դրամ է հատկացրել օդանավակայանի կառուցման համար. հունվարի 20-ից շաբաթը երկու անգամ կլինեն կանոնավոր չվերթներ Երեւան-Կապան-Երեւան ուղղությամբ: Բայց թե որքանով են մեր ինքնաթիռներն ապահովագրված լինելու ադրբեջանական կրակոցներից, դեռեւս անհայտ է:

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում: