կարևոր
814 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-12 22:10

Քրեակատարողական հիմնարկը չի ընդունում ինքնակամ ներկայացած Գորիսի փոխքաղաքապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին երկու օր է՝ չէին ընդունում քրեակատարողական հիմնարկում, թեեւ վերաքննիչ դատարանը նրան կալանվորելու որոշում էր կայացրել: Փոխքաղաքապետն ինքնակամ ներկայանում էր «Գորիս» ՔԿՀ, մի օր ասել էին՝ ուշ ժամի է եկել, մյուս օրն էլ, որ դեռ չեն ստացել դատարանի որոշումը:

Անհասկանալի է՝ ինչու ոստիկանություն, երբ վարույթն իրականացնող մարմինը կալանքի որոշում է տվել: Հովսեփյանի փաստաբանը սա խիստ կասկածելի է համարել ու հորդորել իր վստահորդին ամբողջ ընթացքը տեսանկարահանել:

Նոյեմբերի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը Գորիս  համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել: Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել հոկտեմբերի 15-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ: Այս ընթացքում փաստաբանի վստեհացմամբ՝ նա քննությանը չէր խոչընդոտել, վարույթն իրականացնող մարմնից չէր խուսափել, հետեւաբար Հովսեփյանին նորից կալանավորելու որեւէ հիմք չկար. պնդում է պաշտպանն ու դատարանի որոշումն ապօրինի համարում:

Դատավոր Սեւակ Համբարձումյանի՝ կալանքի որոշումը փաստաբան Արմեն Մելքոնյանը փոխկապակցված է համարում առաջիկայում Կապանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին:

Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու, նաեւ պաշտոնեական դիրքը եւ ծառայողական կախվածությունն օգտագործելով նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու մեջ: Սյունիքի համայնքներց այս պահին կալանավորված են Քաջարանի եւ Գորիսի համայնքապետեր Մանվել Փարամազյանն ու Առուշ Առուշանյանը եւ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: