499 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-12 21:49

Հայաստանի փոխվարչապետը հակադարձել է Ադրբեջանի վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի փոխվարչապետն ու Ադրբեջանի վարչապետը բանավիճել են ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հեռավար նիստին: Ալի Ասադովը ջղաձգվել է, երբ ադրբեջանական կեղծ թեզերով լի իր հիմնական ելույթից հետո Մհեր Գրիգորյանը հակադարձել է: Հայաստանի փոխվարչապետն ընդգծել է՝ չնայած ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների:

Խեղաթյուրելով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանի կողմից շահարկվում է «միջանցքի» գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով: Արցախի Հանրապետության հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով:

Նիստին Ասադովը հայտարարել էր, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել 2 պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման պայմանով: Մհեր Գրիգորյանը շեշտել է՝ իրավիճակը լիցքաթափելու եւ տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից եւ թշնամական գործողություններից: Հիմնական բոլոր ելույթների ավարտից հետո Ադրբեջանի վարչապետը նորից խոսքի իրավունք է խնդրել ու, օգտագործելով նաեւ այս հարթակը, կրկին հնչեցրել Բաքվի ավանդական թեզերը, թե իբր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները դիվերսանտներ են եւ թե Արցախի Հանրապետություն գոյություն չունի:

Հայաստանի փոխվարչապետը նորից կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել թշնամական գործողություններից:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: