կարևոր
802 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-12 18:45

Գերմանիայում ՀՀ դեսպան Է նշանակվել իմքայլական նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը

Գերմանիայում ՀՀ դեսպան Է նշանակվել իմքայլական նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը

Հանրապետության նախագահի  հրամանագրով Գերմանիայում ՀՀ դեսպան է նշանակվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: 

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր էր դարձել 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրություններին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Նշենք, որ հենց Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ ԱԺ-ն օրենք փոխեց, եւ պատգամավորների գրպանի ծախսերի համար նախատեսված ամսական 50 հազարը հնգապատկվեց՝ 250 հազար:

Բաց աղբյուրներում հրապարակված է Վիկտոր Ենգիբարյանի առնվազն երկու՝ իրար չհամապատասխանող կենսագրական: Մի տեղ նշված է, որ նա ժամանակին եղել է Գագիկ Ծառուկյանի խորհրդականը և Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ։ Մյուսում՝ նշված չէ: Նշված է նաև, որ նա հայ ակադեմիականների միության գործադիր խորհրդի անդամ է եղել, այլ աղբյուրում նշված չէ:

Մինչև 2018 թվականի հոկտեմբերը եղել է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ։ 2018 թվականի մայիսի 24-ին «Ելք» կուսակցությունների դաշինքից դարձել է Երևանի ավագանու անդամ՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին։ ԱԺ-ում հրապարակված կենսագրականում նա արդեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է: 

Դեսպանի պաշտոնին նշանակված Վիկտոր Ենգիբարյանը դիվանագիտական կրթություն չունի, ըստ կենսագրականների՝ ՊՆ-ում ականապատ դաշտերի քարտեզագրող է եղել, ապա միջազգային կորպորացիաների կառավարիչ, հանրային կառավարիչ: 2011-2013թթ․-ին աշխատել է Միջազգային համագործակցության գերմանական ընկերությունում (GIZ) որպես միջազգային համագործակցության հարցերով խորհրդատու։

Ծնվել է 1981թ.-ի հուլիսի 11-ին Թալինում: 2002թ.-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: 2004թ.՝ Բոխումի համալսարանի (Գերմանիա) հասարակագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ եվրոպագիտություն եւ միջազգային կորպորացիաների կառավարում մասնագիտացմամբ: ԱՄՆ Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում ուսւոմնառել է իրավունքի բաժնում: