կարևոր
1921 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-12 16:11

Հայաստանը երբեք չի բանակցել Ադրբեջանի հետ, այն բանակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ. Արտակ Զաքարյան

Հայաստանը երբեք չի բանակցել Ադրբեջանի հետ, այն բանակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ. Արտակ Զաքարյան

Հայաստանը երբեք չի բանակցել Ադրբեջանի հետ, այն բանակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը Բաքվին ստիպում էր բանակցությունների գնալ Երեւանի հետ։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով` Հայաստանի ներկայիս իշխանությունները փոխեցին ամեն ինչ, ինչի արդյունքում պատերազմի ժամանակ միջազգային կառույցների կողմից Բաքվի հասցեին ոչ մի համարժեք արձագանք չեղավ։

«Հայկական բանակի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ուղղված են ադրբեջանական լսարանին. իբր հանգիստ եղեք, հայ ժողովուրդը թույլ է, բարոյալքված, ձեր հարցերը ոնց ուզում եք՝ լուծեք։ Իրականում ադրբեջանական բանակն էլ ավելի լուրջ է բարոյալքված եւ էլ ավելի թույլ վիճակում է։ Եթե ​​Հայաստանում այլ իշխանություն լիներ, ադրբեջանցիները կնստեին բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց նա։

Դաշնակցի հետ իրական համագործակցության դեպքում, ըստ Զաքարյանի, շատ արագ կարելի է շատ խնդիրներ լուծել:

«Այսօր նույնիսկ մեր ռազմավարական դաշնակիցը չի վստահում այս իշխանություններին։ Անհրաժեշտ է թարմացնել Ռուսաստանի հետ գործող պայմանագրերը։ Հմուտ քաղաքականության արդյունքում կարելի էր խոսել եռակողմ հայտարարության չկատարված հատվածը վերանայելու, Սյունիքում իրավիճակը փոխելու մասին, որպեսզի բոլոր հաղորդակցությունները վերահսկվեն բացառապես Հայաստանի կողմից։ Արցախը պետք է վերականգնվի առնվազն նախկին Արցախի սահմաններում: Սակայն ներկայիս իշխանությունների օրոք Արցախի մնացած մասն էլ կարելի է շատ արագ կորցնել։ Հայաստանի իշխանությունները խոսում են ճանապարհների ասֆալտապատման մասին, բայց չեն ասում, որ երեք անգամ ավելի շատ ասֆալտապատ ճանապարհ են հանձնել»,- հավելեց նախկին փոխնախարարը։

Նրա խոսքով` «3+3» ձեւաչափը չի արտահայտի Հայաստանի շահերը, քանի դեռ արցախյան հիմնախնդրի կարգավորման օրակարգը վերջնականապես չի ձեւակերպվել եւ քանի դեռ Հայաստանը հակափաստարկներ չունի բանակցային սեղանին:

Զաքարյանը նշեց՝ մեկ ամսում հնարավոր է վերացնել երկրի ներսում բաժանարար գծերը, մարդկանց մեջ բերել փոխադարձ հարգանք։ Անհրաժեշտ է նաև ամբողջությամբ վերանայել արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած ձախողումները։ Պետք է արագ մշակել ազգային անվտանգության ռազմավարություն։ Կարևոր է, որ հայ-ռուսական ռազմական հարաբերություններին նոր տեսք հաղորդել, շատ արագ ոտքի կանգնեցնել Զինված ուժերը։

«Առանց բանակի քննարկել ՀՀ հեռահար ապագան՝ անիմաստ է։ Ոչ թուրքը, ոչ ադրբեջանցին՝ ուզում եք 10 հատ խաղաղության համաձայանգիր ստորագրեք, դրանով նրանց հետ խաղաղությունը ոչ սկսվելու է, ոչ էլ՝ ավարտվելու»,- ասել է Զաքարյանը։