կարևոր
1594 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-12 15:15

Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատով. Մհեր Գրիգորյան

Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատով. Մհեր Գրիգորյան

Արցախյան խնդիրը չի կարող լուծվել ուժով, հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատով։ Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հեռավար նիստում:

«Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այդ թվում՝ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների։ Խեղաթյուրելով եռակողմ հայտարարության դրույթները տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, Ադրբեջանում արծարծվում է միջանցքի գաղափարը՝ ուժի գործադրման սպառնալիքներով», - հայտարարել է Գրիգորյանը՝ նշելով, որ  Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում 40 հազար մարդ մնաց անօթևան և կորցրեց ունեցվածքը, ավերվեցին 17 հազար քաղաքացիական օբյեկտ և ենթակառուցվածք, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք զոհվեցին և վիրավորվեցին, շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է։

Փովարչապետն ընդգծել է, որ արցախյան հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում, այնինչ, խեղաթյուրելով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանի կողմից շահարկվում է «միջանցքի» գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։ 

«Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից»,- հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նիստի եզրափակիչ մասում խոսք խնդրեց, որպեսզի պատասխանի Գրիգորյանի հիմնական ելույթին: Նա կրկնեց Բաքվի ավանդական թեզերը՝ դիվերսանտներ անվանելով Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին, կրկին հայտարարելով, թե «ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այլ կա միայն Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջան»:

Խոսքի իրավունք խնդրելով՝ Գրիգորյանը հակափաստեց, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ամբողջությամբ կատարել և կատարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները: Նա կոչ արեց Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից: