ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին.
«Հայաստանը հանձնառու է խթանել կրթության ապագան` հիմնված բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքի վրա։ Մենք կարծում ենք, որ համաշխարհային քաղաքացիական կրթությունը կարևոր գործիք է գլոբալ մարտահրավերներին հակազդելու համար։ Հավատացած ենք, որ կրթությունն ու իրազեկվածության բարձրացումը կենսական նշանակություն ունեն ատելության խոսքի և ինքնության հիմքով խտրականության կանխարգելումն առաջ մղելու գործում։ Սա նաև 2020թ.-ին Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրման հիմնական գաղափարներից է:
Շուրջ մեկ տարի է նաև ինչ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։
Մենք երախտապարտ ենք տիկին Օզուլեին իր ջանքերի համար՝ միտված Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելուն, որը համապատասխանում է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիային։
Ցավոք, Ադրբեջանը շարունակում է արգելափակել այդ առաքելության իրականացումը։ Այս խոչընդոտող վերաբերմունքը մեզ ստիպում է վատագույնը սպասել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վիճակի վերաբերյալ։ Ե՛վ ռազմական գործողությունների ընթացքում, և՛ զինադադարի հաստատումից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի բազմաթիվ փաստագրված դեպքեր են արձանագրվել, և, թերևս, ամենատխրահռչակ օրինակը անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին անօդաչու թռչող սարքից կրկնակի ճշգրիտ հարվածներն են»։