433 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-12 13:40

Այսօր ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանի ծննդյան օրն է

Այսօր ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանի ծննդյան օրն է

Կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 12-ին, Կոստանդնուպոլսին մոտ գտնվող Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում։

Հրաչյան սովորել է ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ամերիկյան Ռոբերտ քոլեջում և հայկական Էսայան վարժարանում, բայց չի ավարտել դրանցից ոչ մեկը։ Այս անկանոն կրթությունն ապագա դերասանին տալիս է լեզուների իմացություն, ֆրանսիական և անգլիական հեղինակների երկերը բնագրով կարդալու հնարավորություն։

1915 թվականին Հրաչյան զինակոչվում է թուրքական բանակ իբրև թարգմանիչ, նույն թվականի ապրիլին էլ սկսվում է Մեծ եղեռնը։ Երեք տարի իբրև տաճկական զինվոր, պաշտոնով թարգմանիչ, Մերձավոր Արևելքի և Միջագետքի երկրներում թափառող երիտասարդն իր մեջ կրում էր այդ խորին վիշտը։ Արհավիրքների քաոսը զգայուն երիտասարդի շփոթ ներաշխարհում խախտում է ամեն ինչ, հերքում քաղաքակրթության և մարդկային բարոյականության ամեն մի պատկերացում։ Հրաչյան 1918 թվականին կրկին հայտնվում է Կոստանդնուպոլսում։

Մկրտիչ Ջանանը կազմակերպում է հայ դրամատիկական ընկերությունը և Հրաչյային հրապուրում իր նախաձեռնությամբ։ Թատրոնի ներկայացումներին, մեծամասամբ ֆրանսիական մելոդրամաների բեմադրություններին, մասնակցում է նաև Հրաչյան։ Հենց այստեղ էլ, 1919 թվականին, «Ձայնը հնչեց» պիեսի մեջ խաղալիս երիտասարդը գրավում է Օվի Սևումյանին, ով Կոստանդնուպոլիս էր եկել երիտասարդ ուժեր հավաքելու և Կովկաս տանելու նպատակով։ Հրաչյան դերեր է ստանում Սևումյանի բեմադրություններում, բայց հաջորդ իսկ տարին Սևումյանը վախճանվում է։ 1923 թվականից Հրաչյա Ներսիսյանը ընդմիշտ դառնում է Երևանի բնակիչը, հայկական առաջին թատրոնի դերասանը։Հրաչյա Ներսիսյանն ունեցել է մեկ որդի՝ Լևոն Ներսիսյանն, ով գրականագետ է և դոցենտ:

Առաջին տասնամյակում դերասանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և՛ ողբերգական ու դրամատիկական, և՛ կոմիկական ու ֆարսային դերեր, անձնավորել է և՛ չար ու բարի, և՛ հերոսական ու սովորական կերպարներ։Հայրենական պատերազմից հետո էլ միմյանցից շատ տարբեր դերեր վիճակվեցին Ներսիսյանին՝ և՛ թատրոնում, և՛ կինոյում։

1925 թվականից ի վեր, երբ հայկական առաջին կինոյում՝ «Նամուսում» խաղաց Ռուստամի դերը,1961 թվականին «Տժվժիկ» ֆիլմում խաղաց Ներսես աղբարի դերը՝ Ներսիսյանը պահպանեց հայկական կինոարվեստի առաջին դերասանի պատիվը։ 1961 թվականին Մեք-Գրեգորի («Իմ սիրտը լեռներում է») կերպարանքով ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու արվեստին: