կարևոր
367 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-12 12:25

1897թ-ի այսօրը ծնվել է ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը

1897թ-ի այսօրը ծնվել է ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը

1897թ-ի այսօրը ծնվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Ավետ Ավետիսյանը:

Ավետ Ավետիսյանը (իսկական ազգանունը՝ Ոսկանյան) մինչև հինգերորդ դասարանը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա կտորեղենի խանութում եղել է աշակերտ և գործակատար: Առևտրական աշխարհում նա ծանոթացել է այն հերոսներին ու բարքերին, որոնք տարիներ անց պիտի ներկայացներ բեմում:

1918 թ-ին ընդունվել Հովհաննես Աբելյանի թատերախումբ. առաջին դերը Ոսկանն էր՝ Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսում: 

Նրա խաղացանկն ընդգրկել է հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներ: 1920-ական թվականներին հայ դրամատուրգիայում Ավետիսյանը հայտնի է դարձել Սաքոյի, Զամբախովի (Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Գ. Սունդուկյանի «Խաթաբալա») դերերով:Ժամանակի հայ թատրոնում լինելով Գ. Սունդուկյանի կերպարների խոշորագույն մեկնաբաններից`  դերասանը նրանց ներկայացրել է երգիծական շեշտված գծերով:

Հիշարժան են Զամբախովի և Փարսիղի, Սարգսի դերակատարումները «Խաթաբալայում», «Քանդած օջախում» և «Էլի մեկ զոհում»: Բեմական անձնավորման լավագույն օրինակներ են Ավետիսյանի Միկիտան Սաքոն (Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր»), Շպրիխը (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Յագոն (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»), Սաղաթելը, Մարութխանյանը (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Քաոս»):

Ավետիսյանի վերջին դերակատարումը թատրոնում ծերունի Անտոնիոն էր՝ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» պիեսում: Ավետիսյանը նկարահանվել է   հայկական 28 կինոնկարում: Հիշարժան կինոդերերից են Հայրապետը («Նամուս», 1925 թ.), Բազազ Արտեմը («Գիքոր», 1934 թ.), Զիմզիմովը («Պեպո», 1935 թ.), Սպարապետը («Զանգեզուր», 1938 թ.), Սաղաթելը («Պատվի համար», 1956 թ.), Ավետ աղան («Սայաթ-Նովա», 1960 թ.), Մինթոևը («Մորգանի խնամին», 1970 թ.) և այլն: