կարևոր
370 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-12 11:20

Հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվի «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից

Հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվի «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից

2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։ Այս մասի տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունից:

ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

2009թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում է կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+):

2014թ. հունվարի 1-ից Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ՝ 978/2012 ԵՄ կանոնակարգի հիման վրա (Regulation (EU) No 978/2012 of the European Parliament and the Council of 25 October 2012) Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում, որից օգտվելու նախապայման է հանդիսանում մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանն առնչվող 27 միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացման ընթացքը:

Նշված ԵՄ կանոնակարգում ամրագրված դրույթների համաձայն՝ երկիրը դուրս է գալիս համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային Բանկի կողմից 3 հաջորդական տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր եկամուտ կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն։ Միևնույն ժամանակ, համաձայն կանոնակարգի, երկրին տրվում է 1 տարի անցումային ժամանակահատված, որի ընթացքում երկիրը շարունակում է օգտվել արտոնյալ առևտրային ռեժիմից:

Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն՝ ՀՆԱ մեկ շնչի հաշվով։ 2021թ․Հայաստանն օգտվել է անցումային ժամանակահատվածից, և 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։

Հետևաբար, 2022թ. հունվարի 1-ից ԵՄ երկրներ արտահանումներ իրականացնելիս չի կիրառվելու նաև ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում գործող ապրանքների ծագման հավաստագրման «Գրանցված արտահանողների համակարգը» (REX)։