կարևոր
499 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-12 10:21

Գորիս-Կապան ճանապարհի դիմաց՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանի ագրեմանը. «Հրապարակ»

Գորիս-Կապան ճանապարհի դիմաց՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանի ագրեմանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը շուտով կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան: Արտգործնախարարությունը համապատասխան փաստաթղթերը` ագրեմանը, արդեն ուղարկել է Մոսկվա, թեեւ դրանք դեռ չեն վավերացվել-ստորագրվել ռուսական իշխանությունների կողմից:

Վաղարշակ Հարությունյանը, մեր տեղեկություններով, վաղուց է սպասում այս նշանակմանը, սակայն ՌԴ պաշտոնական շրջանակներում որոշակի դիմադրություն կար, շրջանակներ, որոնք սահուն եւ առանց խնդիրների այս տարիներին աշխատել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ:

Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ի համար կարեւորագույն երկրում դեսպան է նշանակվում մի շրջանում, երբ նրա վարկանիշը՝ որպես պետական գործչի, զրոյացված է: Հենց Վաղարշակ Հարությունյանին են մեղադրում Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանցիներին հանձնելու մեջ: Իհարկե, հիմնական հանձնողը Փաշինյանն է, բայց համապատասխան փաստաթղթի տակ, որը հանրությունից գաղտնի պահվող փաստաթղթերից մեկն էր, հենց Հարությունյանի ստորագրությունն է:

Դեռ ամիսներ առաջ տելեգրամյան ալիքները հրապարակեցին 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թվագրմամբ այդ հուշագիրը, որի տակ ՀՀ, ՌԴ եւ ԱՀ պաշտպանության նախարարների ստորագրությունն էր: Ըստ դրա, Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը 5 տարի ժամկետով Ադրբեջանին է հանձնվում, թեեւ նշված է, որ այն անարգել ու անվճար օգտագործելու է նաեւ հայկական կողմը:

Քաղաքագետների եւ զինվորականների մեջ նույնիսկ վեճ ծագեց, թե արդյոք սա նախատեսվա՞ծ էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ըստ փաստաթղթի, հայկական զինուժն այդ դիրքերից պետք է հեռանար սահմանազատման գրծընթացին զուգահեռ, բայց Վաղարշակ Հարությունյանի ստորագրած հուշագիրը, փաստորեն, արագացրեց հայկական զինուժի դուրսբերումը՝ այդ հողերը ճանաչելով ադրբեջանական:

Ինչ խոսք, դեսպանի պաշտոնը Հարությունյանի համար արժանի փոխհատուցում է հայրենակիցների եւ հատկապես ընդդիմության կոշտ մեղադրանքների դիմաց:

Հիշեցնենք․ գիշերը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր են տեղադրվել, իսկ ցերեկն արդեն հայտնի դարձավ, որ 3 գյուղ՝ Որոտանը, Շուռնուխը եւ Բարձրավանը, շուրջ 700 բնակչով, հայտնվել են շրջափակման մեջ։ Վաղարշակ Հարությունյանի հետ կապվելու եւ նրա մեկնաբանությունները ստանալու մեր բազմաթիվ փորձերը ձախողվեցին: Ինչ-որ պահից նա ոչ միայն ամենավարկաբեկված, նաեւ մամուլի համար ամենաանհասանելի պաշտոնյաների շարքն է անցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում