կարևոր
511 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 21:40

Կառավարության նիստում Փաշինյանը նորից ջուր է լցրել Ադրբեջանի ջրաղացին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե մինչ այս Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսային տուրքեր էր գանձում միայն իրանցի վարորդներից, ապա այսուհետ գանձելու է նաեւ հայաստանցիներից: Ու սա այն դեպքում, երբ մոտ 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարում էր, թե 2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «այդ ճանապարհն անարգել պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետության մեքենաների եւ բեռների տարանցման համար»:

Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու բեռների նկատմամբ: Ծանուցումն ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթեւեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթեւ-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ ու այստեղով իրականացնել երթեւեկությունը:

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատում ու սահմանագծում դեռ չի արվել: Համենայն դեպս, այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չկա: Ինչեւէ, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նորից ջուր է լցրել Ադրբեջանի ջրաղացին՝ պնդելով, թե Գորիս-Կապան ճանապարհատվածում տեղադրված ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի տարածքում: Ու նորից, այդ ճանապարհահատվածի մասին խոսելիս, նա օգտագործել է «Էյվազլի» ադրբեջանական անվանումը:

Ու այս նոր իրավիճակում Հայաստանը պատրաստվում է ընդամենը մեկ բան անել՝ անցման տեղերում իր մաքսային, անձնագրային հսկողության կետերը տեղադրել: Ինչպես Անվտանգության խորհրդի քարտուղարն է պարզաբանում՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշակի մաս Հայաստանի տարածքով է անցնում, ու հնարավոր է՝ Ադրբեջանի քաղաքացիները նույնպես այդ ճանապարհն ուզենան օգտագործել: Արմեն Գրիգորյանը նաեւ պատասխանել է հարցին, թե ինչի՞ հիման վրա է որոշվել, որ հատվածները, որտեղ ադրբեջանական սահմանակետեր են տեղադրվում, ադրբեջանական են:

Ադրբեջանական անցակետի տեղադրման մասին լուրից հետո ահազանգեր էին ստացվում, որ Սյունիքի Որոտան, Բարձրավան, Շուռնուխ ու Առաջաձոր գյուղերը, զրկված լինելով այլընտրանքային երթեւեկելի ճանապարհներից, փաստացի հայտնվելու են շրջափակման մեջ: Արմեն Գրիգորյանը, սակայն, պնդում է, թե հայկական ոչ մի համայնք շրջափակման մեջ չի հայտնվելու, համայնքներում որեւէ կոմունիկացիոն խնդիր չի առաջանալու: Ու թեեւ այս պահին Բաքուն ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց, Գրիգորյանի խոսքով, տրամաբանությունը հուշում է, որ մաքսակետն անցնելու դեպքում հայաստանցիների համար որոշակի վճար կամ «ինչ-որ բան» կարող է լինել: Ի՞նչ նկատի ունի նա, «ինչ-որ բան» ասելով, պարզ չէ: Պարզ չեն նաեւ էական նշանակություն ունեցող այլ հարցեր, որոնց մասին բարձրաձայնել է Հայաստանի Մարդու Իրավունքների պաշտպանը:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։