20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Մինչ քննարկվում էր, թե երբ կկայանան Պուտին-Փաշինյան-Ալիեւ շփումները, Փարիզում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Հանդիպումից կադրեր չկան, տեղեկատվությունն էլ սուղ է: Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը նախ երկկողմ առանձնազրույցներ է ունեցել Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ: Հետո բացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Արարատ Միրզոյանն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը` լիարժեքորեն վերականգնելու Արցախի Հանրապետության հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը, այդ թվում՝ դեէսկալացիայի եւ հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության, նաեւ սադրանքների ու հայատյաց հռետորաբանության անընդունելիության վերաբերյալ:Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ հայտնել է, թե 2 երկրի նախարարները մտքեր են փոխանակել հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ: Հանդիպման ավարտից հետո, «Կովկաս» հեշթեգով Թվիթերում գրառում է արել Ֆրանսիայի արտգործնախարարը:
«Փարիզում ես հավաքեցի Հայաստանի եւ Ադրբեջանի իմ գործընկերներին, որպեսզի օգնեմ նվազեցնելու առկա լարվածությունը: Ֆրանսիայի ջանքերով համախմբումը լիովին մնում է Մինսկի խմբի ձեւաչափում: Մենք չենք մոռանում մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմի զոհերին»:
Փարիզից Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի արտգործնախարարների նիստին: Տարածաշրջանն ապակայունացնող ռազմատենչ քաղաքականություն վարող Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարել են, թե իբր խաղաղության կողմնակից են: Բայրամովը նորից խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից», ասել, թե այն բացելու ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում: Մինչդեռ, պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ «միջանցքներ» չեն լինելու:
Եվրամիությունը հայտարարում է, որ թեեւ Արցախի Հանրապետության ռազմական գործողությունները դադարել են, սակայն դեռեւս կան շատ առկախված հարցեր, որոնք լուծման կարիք ունեն՝ ուղի հարթելու դեպի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորում: Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի խոսնակ Պետեր Ստանոն հայտարարությամբ է հանդես եկել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին տարելիցի կապակցությամբ: Դրա համաձայն՝ Եվրամիությունը կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին, լիակատար համագործակցել ականազերծման հարցում եւ թուլացնել լարվածությունը սահմանային շրջաններում: Եվրամիությունը եւս մեկ անգամ իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։