2020 թ. նոյեմբերի 9-ից հետո մենք գտնվում ենք Ադրբեջանի և Թուրքիայի նոր օրակարգում, այսինքն՝ հետևողականորեն իրենք ողջ աշխարհին հայտարարում են և իրականություն են դարձնում այն, ինչ ցանկանում են: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրատապ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, տնտեսագետ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, որ Սյունիքի ճանապարհի այս հատվածի վրա թուրք-ադրբեջանական տանդեմը կարող էր իր նույն կառույցները կառուցել և վերցնել իր տիրապետության տակ հենց 2020 թ. նոյեմբերի 9-ին, սակայն չի արել ավելորդ խնդիրներ չունենալու պատճառով։
«Ընդամենը մեկ տարի անց Ադրբեջանը հանգիստ հասավ իր նպատակին։ Հայաստանի իշխանությունը թմրեցրեց հանրությանը, ինչ-որ ճանապարհատիպ այլընտրանք կառուցեց, այսինքն հիմա այլընտրանքը կա, նորմալ է, գլխավոր ճանապարհն էլ համարեցին ադրբեջանական ու սահուն կերպով զիջեցին»,- ասաց Ավետիսյանը։
«Սրանով այլ նպատակ կա․ ի վերջո «Մեղրիի միջանցքի» առաջին փուլն իրենք իրագործել են։ Այսինքն՝ 40 կմ ճանապարհի 20 կմ արդեն իրենցով արեցին, մնաց մնացածը:
Հաջորդ փուլն էլ է ծրագրավորված և հետևողականորեն իրագործվում է. պարզ սխեմա է գործում՝ թմրեցնում են, կտրում են, անցնում են առաջ։ Սա է անում Ադրբեջանը Թուրքիայի թիկունքով»,-շեշտեց պատգամավորը։
Ավետիսյանի խոսքով, ՀՀ մտնող բեռների 40 տոկոսն այդ ճանապարհով է գալիս, այլ առաջարկվող այլընտրանքային ճանապարհը բացարաձակ չի կարող այլընտրանք համարվել, քանի որ ոչ տնտեսական, ոչ անվտանգային գնահատական չկա տրված, հետևաբար, Հայաստանը երկկողմանի շրջափակման պարագայում դառնալու է երեք կողմից շրջափակված։
«Մենք կամաց-կամաց անկլավանում ենք։ Խաղաղության օրակարգը, որ բերվել է, դրա ներքո հանգիստ բացում են ճանապարհ, որպեսզի թուրք-ադրբեջանական օրակարգն առաջ մղվի։
Այսինքն ամեն ինչ անում են, հնարավորությունները ստեղծում են, պասերով խաղում են, որպեսզի կարողանան ի վերջո հասնել միջանցքին։ Ինչքան էլ հայտարարեն՝ միջանցք չկա, այս ճանապարհն այդ միջանցքի մի հատվածն է, որն այլևս կորցրինք։ Իրենց նպատակն է՝ որոշ ժամանակ անցնի, հանդարտվեն, դրանից հետո օրակարգ կբերվի հաջորդ 20 կմ-ը առոք-փառոք թուրքին հանձնելու իրենց նախաձեռնությունը»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։