Իշխող խցմբակցության պատգամավորներն անտարբերության են մատնում Գորիս-Կապան ճանապարահատվածի թեման, նրանց չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի հետ, ինչ տարածքներ ենք տալիս: Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի հրավիրած հրատապ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Կառավարության ոչ մի ներկայացուցիչը այստեղ չէ, կամ լիազորված որևէ մեկը այստեղ չի գտնվում, չեն եկել նաև ՔՊ-ական պատգամավորները»,-ընդգծեց Արեգնազ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի և իշխանության մյուս ներկայացուցիչների որոշ հայտարարություններ ամբողջությամբ հակասության մեջ են մտնում Գորիս-Կապան ճանապարհին այսօր ստեղծված իրականության հետ:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեց, որ ժամանակին իրանական բեռնատարների հետ կապված խնդիրը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համարում էր Ադրբեջանի և Իրանի ներքին գործը:
Մանուկյանը նաև հիշեցրեց Փաշինյանի՝ այս տարվա սեպտեմբերի 15-ին արած հայտարարությունը, ըստ որի, 2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գորիս-Կապան ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար։
«Բայց ահա, այսօր մենք ունենք այսպիսի պատկեր, երբ երկկողմանի մաքսակետեր են տեղադրվում, ադրբեջանցիները հայ վարորդներին կարող են նույնիսկ թույլ չտալ օգտվել այդ ճանապարհից և ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ լինելու է․ մենք չենք կարողանալու օգտվել այդ ճանապարհից»,- հայտարարեց կին պատգամավորը:
Ըստ նրա՝ այդ հայտարարություններն ընդամենը հերթական փափուկ բարձն էին՝ խաղաղասիրությունն ու սուտը։
«Մեզ այս թեման հետաքրքիր է, մենք պատասխաններ ենք պահանջում, բայց իշխող խմբակցության պատգամավորները պարզապես անտարբերության են մատնում այս թեման նրանց որև բան չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի հետ»,-ասաց Մանուկյանը: