Երկրում իշխանությունը զավթած վարչախումբն իր առաջնորդով հետապնդում է մի նպատակ՝ սպասարկել ադրբեջանական պետության շահերը: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրատապ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա նշեց, որ այդ ճանապարհը նույնիսկ խորհրդային տարիներին, քարտեզներով ադրբեջանական չի եղել, հակառակ դեպքում այդ ճանապարհն այդպես չէր կառուցվի։
«Այդ ճանապարհը հատուկ կառուցվել է այնպես, որ այն լինի Հայաստանի տարածքում։ Եվ այդ ճանապարհով որևէ ադրբեջանական գյուղ որևէ ադրբեջանական գյուղի չի կապում։ Այդ ճանապարհը Ադրեբեջանին որևէ ձևով պետք չի։ Ադրբեջանի համար այդ ճանապարհն իրականում ոչինչ է, բայց ունի մի կարևոր նշանակություն՝ այդ ճանապարհով Իրանը կապվում է Հայաստանին, Վրաստանին, Ռուսաստանին։ Ադրբեջանը մաքսակետեր տեղադրեց այդ ճանապարհին՝ հսկելու համար Իրանից դեպի Հայաստան տեղի ունեցող ամբողջական հոսքերը»,- ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց՝ սա ուղղակի բացթողում կամ արկածախնդրություն չէ, շատ ավելի խորը խնդիր է, դավաճանություն, որովհետև այդ ճանապարհը, որով մի ամբողջ մարզ կապվում է Երևանի, այլ քաղաքների հետ, հանձնել այսպես հեշտությամբ, ավելին՝ մարդուն ասում են՝ քո ուզած քաղաք հասնելու համար պետք է անցնես ադրբեջանական թրի տակով։
«Գովազդում են նոր ասֆալտապատ ճանապարհ, որը ձմռան ամիսներին անվտանգությունից ելնելով կփակվի, քանի որ ձմռանը ուղղորդել մարդկանց երթևեկել այդ ճանապարհով, նշանակում է ուղղորդել ուղիղ դեպի մահ, դեպի դժբախտություն»,- ասաց Նազարյանը։
Նա վստահ է, որ այդ ճանապարհը հետ է բերվելու, քանի որ միջազգային բոլոր նորմերով ադրբեջանցիների գտնվելն այդտեղ հակաօրինական է, միջազգային որևէ կառույց չի կարող այս հարցում Հայաստանին մենակ թողել, եթե, իհարկե, մի գլխավոր խնդիր լուծվի և Հայաստանում հաստատվի երկրի և հայ ժողովրդի շահը հաստատող իշխանություններ։
«Մենք կանգնած ենք մեծ վտանգի առաջ, քանի դեռ մեր երկիրը ղեկավարում է վախկոտ մի մարդ։ Նա է խոստովանել, որ վախկոտ է. պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ինչու դեկտեմբերին մեր զորքերը հետ քաշեցին, ասաց՝ բա որ հետ չքաշեին, բա պատերազմ լիներ։
Այսինքն՝ վախից հետ է քաշվել։ Վակոտ մարդը վախերից ելնելով կարող է հետ քաշել, սահմանները, ճանապարհները նվիրել։ Այնպես որ, մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, քանի որ մեր երկիրը ղեկավարում է վախկոտ մի մարդ։
Արդեն մեզ ծաղրում են ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև ամբողջ աշխարհում, և այս ամենի պատճառը գործող վարչախումբն է, որը քաղցկեղի նման էկավ կպավ մեր երկրին:
Հիմա եթե գուգլին խնդրեք, որ ձեզ հուշի, թե ինչպես պետք է Երևանից հասնել Ճակատեն, ցույց է տալիս, որ դուք պետք է հասնեք 8 ժամ 42 րոպեում՝ կտրելով 451 կիլոմետր ճանապարհ, անցնելով ամբողջ Սյունիքը, հասնելով Քաջարան, այնտեղից Ագարակ-Մեղրի, նոր միայն հասնել Ճակատեն։ Սա է, երբ Ադրբեջանն աշխատում է նաև միջազգային կառույցների, այդ թվում գուգլի հետ։ Ես անդադար կրկնում են՝ ինչ որ մեկը մեզ Գուգլի ղեկավարության հետ այս հարցը լուծելո՞ւ է։ Բնականաբար որևէ մեկը չի լուծում, որովհետև այս երկրի զավթած վարչախումբն իր առաջնորդով հետապնդում են մի նպատակ՝ սպասարկել Ադրբեջանի շահերը»,- ասաց Գեղամ Նազարյանը։